«Առավոտյան այս հատվածից մի դժգույն և անդեմ ձայն ներկայացրեց այս իշխանության ողջ մեխանիկան». ում է ակնարկում Նաիրա Զոհրաբյանը
Ինչպես հայտնի է, այսօր առավոտյան Ազգային ժողովում «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները բարձրացրեցին փոքր և միջին ձեռնարկությունների խնդիրները, և ԱԺ-ում աժիոտաժ առաջացավ:
Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավոր Մարգաիրտ Եսայանը նույնպես ելույթ ունեցավ՝ ասելով, որ ինքը նախորդ շաբաթ ԱԺ շենքի մոտ պատահաբար հանդիպել է ցուցարարներին և լսել նրանց բողոքները՝ հորդորելով նրանց գրավոր ներկայացնել այդ ամենը:
«Առավոտյան այս հատվածից մի դժգույն և անդեմ ձայն ներկայացրեց այս իշխանության ողջ մեխանիկան: Պատահականություն. մարդիկ պատահաբար գալիս են Ազգային ժողով, պատահաբար Ազգային ժողովի շենքի մոտ հանդիպում են ցուցարարների և պատահաբար իմանում են, որ մեր երկրում կան սոցիալական խավեր, որոնք ունեն դժգոհություն, որ մեր երկրում արդեն տևական ժամանակ է՝ ՓՄՁ-ների հանդեպ իրականացվում է հարկային տեռոր, և այս մարդիկ պատահաբար երևի իմանում են, որ մեր երկրում գործազրկությունը, արտագաղթը, աղքատությունը խփել են բոլոր օլիմպիական ռեկորդները: Խնդիրը, որի մասին այսօր «Ծառուկյան» դաշինքը բարձրաձայնում էր, իրոք հրատապ է, ու մենք թույլ չենք տալու այս հարկային տեռորը»,- հայտարարեց Ն. Զոհրաբյանը: