
«Սա իմ վերջին խաղն էր հավաքականում. ներեցեք մեզ». Ջանլուիջի Բուֆֆոն

Շնորհակալություն ամեն ինչի համար, լեգենդ:
Ռուսաստանում կայանալիք ԱԱ-2018-ի ուղեգիր չնվաճելուց հետո Ջանլուիջի Բուֆֆոնը հայտարարեց ազգային թիմում կարիերայի ավարտի մասին:
«Սա իմ վերջին խաղն էր հավաքականի կազմում: Ներեցեք ինձ: Ներեցեք մեզ»,- ասել է Ջանլուիջին՝ արցունքներն աչքերին:
«Ներողություն եմ խնդրում բոլոր իտալացի երեխաներից, որոնք երազում են ազգային թիմի մասին: Ես հեռանում եմ հավաքականից և թողնում եմ այն երիտասարդ տղաներին՝ Դոնարումային և Պերինին: Իտալական ֆուտբոլը, անխոս, ապագա ունի: Գրկում եմ Բարձալիին, Բոնուչիին, Կելինիին և Դե Ռոսիին, որոնց հետ մենք անցկացրել ենք մոտ 10 տարի: Շնորհակալություն բոլոր այն տղաներին, ովքեր մեզ հետ էին այս ամբողջ ժամանակ»:
https://www.youtube.com/watch?v=aYLwUnKm7hc
Բուֆֆոնը հանդես է գալիս Իտալիայի հավաքականի կազմում 1997 թվականից և անցկացրել է 175 խաղ:
2006 թվականին Բուֆֆոնը ազգային թիմի հետ դարձավ աշխարհի չեմպիոն:
Իտալիայի հավաքականը չկարողացավ ԱԱ-ի ուղեգիր ձեռք բերել 1958 թվականից սկսած առաջին անգամ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը