Ղարաբաղյան կարգավորման երկու օրակարգերը. Ինչու է Լավրովը ժամանում տարածաշրջան

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ բավականին բարդ և բազմաշերտ գործընթաց է ուրվագծվում: Երկար դադարից հետո, հոկտեմբերի 16-ին Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո տպավորություն է ստեղծվում, որ բանակցային գործընթացում միմյանց են բախվում հայկական և ադրբեջանական օրակարգերը հակամարտության կարգավորման հետագա ուղու վերաբերյալ, քանի որ ներկայումս չկա երկու կողմերի համար ընդունելի ընդհանուր բանակցային օրակարգ:

Ուշագրավ է, որ մի կողմից՝ փորձ է արվում պահպանել ապրիլյան պատերազմին հաջորդած Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի բարձրաստիճան հանդիպումների արդյունքները, հակամարտող կողմերին պարտադրելով ներդնել հետաքննական մեխանիզմները ղարբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, մյուս կողմից՝ Անկարա-Բաքու առանցքի կողմից ջանքեր են ներդրվում ԵԱՀԿ ՄԽ գործընթացը հեղինակազրկելու, տապալելու և Մոսկվային ԵԱՀԿ ՄԽ օրակարգից դուրս բերելու, այլ պլանների իրագործման աշխատանքներին ներգրավելու ուղղությամբ:

Հայկական կողմը, դատելով բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններից, փորձում է դիմագրավել թուրք-ադրբեջանական այս ծրագրերին, թեև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն անձամբ է խոստացել քննարկել հակամարտության կարգավորումը ՌԴ նախագահ Պուտինի հետ նոյեմբերի 13-ի հանդիպման ընթացքում՝ պնդելով, որ ՌԴ նախագահի ցանկության դեպքում հակամարտությունը կկարգավորվի: Թուրքիայի նախագահը մասնավորապես նշել էր, թե ղարաբաղյան կոնֆլիկտի լուծման բանալին գտնվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ձեռքում, ու, եթե նա ցանկանա, շատ հեշտությամբ հարցը կարող է ստանալ իր լուծումը։

Նա նաև ակնարկել էր, որ որոշակի առաջարկներ ունի Պուտինի համար: Էրդողանի այս հայտարարությանը զուգահե՝ ադրբեջանցի վերլուծաբաններից մեկը շրջանառության մեջ դրեց մի ծրագիր, համաձայն որի՝ Հայաստանն ազատելու է 5 շրջան Ադրբեջանի` ԵԱՏՄ, ՀԱՊԿ անդամակցության և Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման դիմաց:

Նշենք նաև, որ հայտնի չէ` արդյոք խոսքը «Լավրովի ծրագիր» անվանումը ստացած պլանի՞, թե՞ նոր փաստաթղթի մասին է: Այնուամենայնիվ, այս ծրագրի վերաբերյալ ռուսական կողմը դեռևս լռություն է պահպանում, այնինչ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները կարծես թե նաև Մոսկվայի օրակարգում են:

Օրերս ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին հայտարարել էր, որ բարձր են գնահատում կողմերի՝ շփման գծում լարվածության թուլացման նպատակով լրացուցիչ քայլեր ձեռնարկելու պարտավորությունը, և այդ նպատակին կծառայի նաև 2016-ի մայիսի 16-ին Վիեննայում ու հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը, որոնք միտված են ռազմական ռիսկերի նվազեցմանն ու շփման գծում ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնմանը:

Հիշեցնենք, որ  Լուկաշևիչի հայտարարությանը նախորդել էին նախ՝ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերի, իսկ օրերս՝ նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կարևոր հայտարարությունները Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների վերաբերյալ: Ամերիկացի դիվանագետ Շեֆերը նշել էր. «Նահանգները մնում է հավատարիմ Մինսկի խմբի գործընթացին և շարունակում է կողմերին կոչ անել հարգել հրադադարը և ամենաբարձր մակարդակով շարունակել բանակցությունները՝ քայլեր ձեռնարկելով ամբողջությամբ ի կատար ածելու նախկին՝ այդ թվում՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ընթացքում ընդունված որոշումները»:

ՀՀ նախագահը Մոլդովայի նախագահի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, թե պետք է իրագործվեն Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի ու Ժնևի պայմանավորվածություններն այն դեպքում, երբ Ժնևի հանդիպումից առաջ ադրբեջանական կողմը նշել էր, որ Հայաստանը հրաժարվել է իր նախապայմաններից՝ համաձայնելով վերադառնալ բովանդակային բանակցություններին:

Ըստ փորձագետների, նախապայման ասելով՝ Ադրբեջանը նկատի ունի Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Հետաքրքրական է մեկ այլ զարգացում ևս, որը տեղի ունեցավ Էրդողանի հայտնի հայտարարությունից հետո: Ինչպես երևում է՝ առաջիկայում նախատեսվող Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման ժամկետը հետաձգվում է:

Հոկտեմբերի վերջին տված իր հարցազրույցում Էնդրյու Շեֆերը նշել էր, որ իրենց կողմից աշխատանքներ են տարվում Նալբանդյան-Մամեդյարով հանդիպում կազմակերպելու ուղղությամբ, այնինչ օրերս Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ միջնորդները մինչև տարեվերջ են ծրագրում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։

Ստացվում է, որ նախարարները պետք է հանդիպեն Պուտին-Թրամփ ոչ պաշտոնական հանդիպումից հետո, Պուտին-Էրդողան և Պուտին-Սարգսյան բանակցություններից, Լավրովի` տարածաշրջան կատարելիք այցից հետո:

«168 Ժամի» տեղեկություններով` առաջիկա շաբաթվա ընթացքում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը մեկօրյա այցեր է կատարելու Բաքու և Երևան: Մեր ռուսաստանյան աղբյուրների փոխանցմամբ՝ ռուս նախարարը նոյեմբերի 19-ին կմեկնի Բաքու, իսկ 20-ին կժամանի Երևան: Մեր տեղեկությունների համաձայն, Լավրովի տարածաշրջանային այցի  օրակարգում ԼՂ հակամարտության կարգավորման հարցն է:

Ըստ «168 Ժամի» աղբյուրների` Լավրովի օրակարգի վերաբերյալ երկու վարկած է շրջանառվում: «Առաջինի համաձայն` Լավրովը փորձելու է արդյունավետ օրակարգ մշակել սպասվող Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման համար, որի կենտրոնում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնություններն են, ըստ երկրորդի` Լավրովը ծրագիր է առաջարկելու, որն ունի մյուս համանախագահ երկրների աջակցությունը»,- տեղեկացրեց մեր աղբյուրը:

Հիշեցնենք, որ, թեև ռուսական կողմը «Լավրովի ծրագրի» առկայության մասին խոսակցությունները հերքում էր, ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդը նշել էր, թե կարևոր չէ` որտեղ է մշակվել ծրագիրը, քանի որ այն վայելում է երեք համանախագահ երկրների անվերապահ աջակցությունը: Ավելին, Հոգլանդը չէր հերքել, որ իր խոսքը վերաբերում է հենց «Լավրովի ծրագրին»:

«168 Ժամի» հետ զրույցում ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովն ասաց, որ ԼՂ հակամարտությունը միշտ է եղել ռուս-թուրքական բանակցությունների առարկա, քանի որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ քաղաքական խնդիրներ ունեցող Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, ԵԱՏՄ ու ՀԱՊԿ շրջանակներում Ռուսաստանի գործընկերը:

«Ադրբեջանը մշտապես որոշակի գերագնահատված սպասելիքներ ունի Մոսկվայից: Թուրքիան և Ադրբեջանը գուցե ցանկանան, որպեսզի Թուրքիան միանա բանակցային գործընթացին, ինչը հնարավոր չէ»,- ասաց Սկակովը: Վերջինիս համոզմամբ՝ Լուկաշևիչի մեկնաբանությունը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում ուղենիշային էր: Ըստ նրա` ռուսական կողմը, ըստ էության, այս կերպ պատասխանեց ադրբեջանական նկրտումներին, որոնց նպատակը բանակցությունները ՄԽ շրջանակից դուրս բերելն է:

«Հաշվի առնելով Լուկաշևիչի մեկնաբանությունը` կարելի է ենթադրել, թե ինչպես Պուտինը կարձագանքի Ղարաբաղյան հակամարտությունը քննարկելու՝ Էրդողանի փորձերին, կարծում եմ` Պուտին-Էրդողան շրջանակում այս թեմայի քննարկումը զարգացում չի ունենա, ինչպես միշտ»,- ակնարկեց ռուս քաղաքագետը: Սկակովի համոզմամբ, Լավրովի տարածաշրջանային այցի նպատակը հետագա բանակցությունների համար բարենպաստ մթնոլորտի ձևավորումն է: «Մոսկովյան կողմը դեմ չէ իր առավելության շեշտադրմանը բանակցություններում, որը կանի նման այցի միջոցով, սակայն ՄԽ շրջանակից դուրս քայլեր չեն եղել ու չեն լինի»,- ասաց Սկակովը` շեշտելով, որ ռուսական կողմն առանձին ծրագրեր չունի, ինչի մասին քանիցս նշել է:

Տեսանյութեր

Լրահոս