
Իրանը համազգային սուգ է հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին

Իրանի իշխանությունները նոյեմբերի 14-ը համազգային սգո օր են հայտարարել երկրաշարժի հարյուրավոր զոհերի հիշատակին, որը նոյեմբերի 12-ին տեղի է ունեցել Իրաքի հետ սահմանում:
Այդ մասին հայտնել է IRNA գործակալությունը: Ավելի վաղ եռօրյա սուգ էր հայտարարվել Իրանի Քերմանշահի նահանգում, որն առավել մեծ չափով է տուժել երկրաշարժից: Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ նոյեմբերի 12-ի երեկոյան Իրանի և Իրաքի սահմանում մեկը մյուսի հետևից երկու հզոր ստորգետնյա ցնցում է տեղի ունեցել 7,2 և 7,3 մագնիտուդով: Անցած գիշերվա ընթացքում գրանցվել են մինչև 4,9 մագնիտուդով երկու տասնյակից ավելի հետցնցումներ:
Ըստ վերջին տվյալների՝ միայն Իրանում զոհվել է շուրջ 450 մարդ, տուժել են ավելի քան 7 հազար բնակիչներ: Իրաքի առողջապահության նախարարությունը հայտնել է յոթ զոհվածների և ավելի քան 530 տուժածների մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: