![](/banners/BeFunky-design.jpg)
«Մինչև նոյեմբերի 20-ը հանձնաժողովը կներկայացնի իր գնահատականը Շիրակի համալսարանում տիրող վիճակի վերաբերյալ». Վարդան Բոստանջյան
![](https://168.am/wp-content/uploads/2017/05/Vardan-Bostanjyan.jpg)
Ինչպես տեղեկացրել ենք՝ Շիրակի պետական համալսարանի որոշ դասախոսներ ահազանգել են, որ համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանն ունենալով իշխանությունների հովանավորչությունը, ռեպրեսիվ մեթոդներ կիրառելով՝ կադրային ջարդ է իրականացնում Շիրակի պետական համալսարանում՝ ցանկանալով ազատվել որակյալ կադրերից:
Այսօր համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանը կոչով դիմել է նաև ՀՀ Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանին՝ հորդորելով արձագանքել ստեղծված իրավիճակին:
168.am-ի հետ զրույցում Վ. Բոստանջյանն ասաց, որ հանձնաժողովը, իհարկե, պարտավոր է ոչ միայն արձագանքել, այլև նայել, ուսումնասիրել ու գնահատական տալ:
Նա նկատեց, որ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ասել է, որ իրենք քննություն են անցկացնում, որպեսզի պարզեն և գնահատեն ամբողջ իրավիճակը. «Ես նախարարի հետ էլ եմ խոսել դրա մասին: Սա այնպիսի նուրբ խնդիր է, որն առնչվում է և՛ ուսանողներին, և՛ դասախոսներին, դրա համար մենք միանգամից կտրուկ ձևով չենք կարող պատասխան տալ: Գոնե հանձնաժողովը և նախարարությունը նման իրավունք չունեն, մինչև իրերի իրական վիճակը չպարզվի»:
Վ. Բոստանջյանն ասաց, որ իրենց հանձնաժողովի տարբեր անդամներին հանձնարարված է, որ ուսումնասիրություններ անեն և եզրակացություն կայացնեն. «Այս պահին մեր հանձնաժողովի կողմից ուսումնասիրություններ են տարվում այդ ուղղությամբ, չէին կարող չտարվել»:
Նա նաև նշեց, որ կարծում է՝ իրենք մինչև ամսի 20-ն այդ եզրակացությունը և գնահատականը կներկայացնեն: