Բաժիններ՝

«Պարոն Մինասյանի համար պատմաբանը կարող է բոլոր տեսակի պատմությունները կարդալ». Գագիկ Համբարյան

Որոշ դասախոսների կարծիքների համաձայն՝ Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանն ունենալով իշխանությունների հովանավորչությունը՝ ռեպրեսիվ մեթոդներ կիրառելով, կադրային ջարդ է իրականացնում Շիրակի պետական համալսարանում՝ ցանկանալով ազատվել որակյալ կադրերից: Եվ, քանի որ վերջինս միշտ, այդ թվում՝ Շիրակի մարզի կրթության վարչության պետ եղած ժամանակ էլ հլու-հնազանդ ծառայել է իշխանություններին, ապա իրեն որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկի:

Բուհում ստեղծված իրավիճակի վերաբերյալ 168.am-ը զրուցել է դասախոս Գագիկ Համբարյանի հետ:

Պարոն Համբարյան, Ս.Մինասյանի պաշտոնավարման հենց սկզբի՞ց էր բուհում նման իրավիճակ հասունանում: 

– Ի սկզբանե, երբ պարոն Մինասյանը եկավ, սկսեց շատ տարօրինակ ձևով գործել. Այսինքն` ինքը մտածում էր, որ էստեղ ինչ ուզենա՝ կանի: Իրար հետևից անախորժ իրավիճակներ ստեղծվեցին: Դրա արդյունքը եղավ այն, որ ես և պարոն Խորիկյանը բաց նամակով դիմեցինք Սերժ Սարգսյանին և Կարեն Կարապետյանին՝ իրավիճակի ճշգրտման համար հանձնաժողով ուղարկելու, որպեսզի պարզվի, թե իրականում ինչ է տեղի ունենում Շիրակի պետական համալսարանում: Արձագանքն այն եղավ, որ սեպտեմբերի 25-ին ապօրինի գիտխորհրդի նիստ կազմակերպվեց: Առաջին քայլը եղավ Խորիկյանի հանդեպ պատժիչ գործողությունը, որն ավարտվեց ձախողմամբ, որովհետև ավելի ուշ պարոն Մինասյանը հասկացել էր, որ նրա և իր գիտխորհրդի կամայականություններն ապօրինի են:

Կարդացեք նաև

Բաց նամակին Ս. Սարգսյանի և Կ.Կարապետյանի կողմից որևէ արձագանք եղե՞լ է: 

– Առայժմ ոչ մի արձագանք չկա, բայց միևնույն ժամանակ՝ սեպտեմբերի 26-ին Շիրակի պետական համալսարանի մի խումբ ուսանողների կողմից կազմակերպված դասադուլի ժամանակ ես փաստագրական նյութեր եմ ներկայացրել կոնկրետ այն խնդիրների վերաբերյալ, որոնք բարձրացրել էի «Առավոտ» օրաթերթում տպագրված հոդվածում. դա աշխատանքային պայմանագրերի բացակայությունն է, ահռելի շինարարական գումարների ծախսն է, նույն հաստիքացուցակում ընդգրկված մարդկանց անհամաչափ աշխատավարձերն են: Օրինակ՝ մեր ինստիտուտում աշխատող բժիշկը 250.000 դրամ գումար է ստանում ամսական: Կան նաև շատ այլ աղաղակող փաստեր:

Բուհի նախկին ռեկտորի՝ Վարդևան Գրիգորյանի օրոք կնքված աշխատանքային պայմանագրեր եղե՞լ են: 

– Այո´, իհարկե: Ես չեմ կարող չասել, որ ամենաուշը սեպտեմբերի 2-ին մենք էդ պայմանագրերն ունեցել ենք:

Պարոն Մինասյանը որևէ կերպ չի՞ պարզաբանել, թե ինչ պատճառով պայմանագրեր չի կնքում: Դա համատարա՞ծ երևույթ է նաև մյուս դասախոսների պարագայում:

– Ինչի՞ մասին է խոսքը, բոլորին է վերաբերում: Ես այդ հարցը սեպտեմբերի 25-ին բարձրացրել եմ, պարոն Մինասյանը մինչև հիմա էդ հարցին չի անդրադառնում: Մենք 26 օր աշխատում ենք ապօրինի:

Այլ դասախոսներ ձեր բողոքին միանալու ցանկություն հայտնե՞լ են:

– Մենք բացարձակ նպատակ չունենք, որ մեր բողոքին որևէ մեկը միանա: Մենք դա չենք արել որևէ մեկի միավորման կամ ապստամբություն բարձրացնելու համար: Կոնկրետ փաստեր են ներկայացված չարաշահումների, անօրինականությունների վերաբերյալ, և մենք պահանջում ենք արդար քննություն:

Բուհի հին կադրերից ազատվելու ցանկությո՞ւն կա: 

– Նախ, առաջին հերթին՝ բուհը դպրոց չէ, որ որտեղից ասես՝ կադրեր բերես: Չնայած պարոն Մինասյանի մոտ նույն կարծիքն է: Նա շատ դժվար է պատկերացնում, թե ինչ բան է բուհական կրթությունը, որովհետև, եթե պարոն Մինասյանի համար պատմաբանը կարող է բոլոր տեսակի պատմությունները կարդալ, ուրեմն դա արդեն մեկնաբանելու կարիք չկա: Դա նույնն է, եթե ասես՝ որևէ ոլորտի բժիշկ կարող է բոլոր տեսակի հիվանդություններից հասկանալ: Խնդիրն այն է, որ մենք ունենք երկար տարիների ընթացքում թրծված կոլեկտիվ, և, եթե պարոն Մինասյանը փորձ է կատարում ազատվել շատերից, ինչ-որ նոր մարդկանց ընդունել, դա ես չեմ կարող ողջունել:

Ինչ վերաբերում է իր մարդկանց, ապա ինքն ինստիտուտ գալու հենց առաջին օրվանից սկսել է յուրայինների իր շրջապատը ձևավորել, որոնք և ահռելի աշխատավարձեր են ստանում:

Որոշ ուսանողների խոսքերով՝ նախկինում էլ են եղել դեպքեր, երբ լրացուցիչ դասաժամեր ունենալու համար մի դասախոսը տարբեր առարկաներ է դասավանդել: 

– Պատմության ամբիոնում դասախոսներից յուրաքանչյուրն իր ուղղվածությունն ունի: Աֆրիկայի և Ասիայի պատմության մասնագետը չի կարող Եվրոպայի և ԱՄՆ-ի պատմություն դասավանդել: Միջին դարերի մասնագետը չի կրող նորագույն պատմություն դասավանդել: Ամեն մեկն իր նախասիրությունն ունի:

Որո՞նք են լինելու ձեր հետագա քայլերը: 

– Պայքարը շարունակվում է այն ձևով, որ մենք հիմա պահանջում ենք հանձնաժողովի ժամանում, որը պետք է հետաքննի ռեկտոր Մինասյանի գործունեությունը, և բոլոր աղաղակող փաստերի վերաբերյալ պետք է պատասխան տրվի:

Անահիտ Սիմոնյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս