Թրամփի այցը Չինաստան պատմական մեծ նշանակություն կունենա. ՉԺՀ-ի ԱԳՆ
ԱՄՆ-ի նախագահի այցը Չինաստան, որը տեղի է ունենալու նոյեմբերի 8-ից 10-ը, պատմական մեծ նշանակություն կունենա ամերիկա-չինական հարաբերությունների համար: Այս գնահատականը մամուլի ասուլիսում տվել է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունյինը։
«Չինական կողմը մեծ ուշադրություն է հատկացնում Թրամփի առաջիկա ժամանմանը: Բացի մի շարք միջոցառումներ կազմակերպելուց, որոնք տեղի կունենան այս պետական այցի շրջանակներում, մենք նաեւ մտադիր ենք անցկացնել երկու երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումներ,-նշել է նա:-Մենք հավատում ենք, որ Չինաստան ԱՄՆ-ի նախագահի այցելության նախապատրաստման ուղղությամբ Պեկինի եւ Վաշինգտոնի լուրջ ջանքերի շնորհիվ այդ այցը հաջողությամբ կանցնի եւ պատմական մեծ նշանակություն կունենա»:
«Թրամփը կդառնա առաջին օտարերկրացի ղեկավարը, որը մեր երկիր է այցելում Չինաստանի Կոմունիստական կուսակցության 19-րդ համագումարից (ավարտվել է հոկտեմբերի 24-ին) հետո: Երկու պետությունների ղեկավարների հանդիպումը, որի ընթացքում ռազմավարական երկխոսության շրջանակներում կքննարկվեն կարեւոր խնդիրներ, Պեկինում տեղի կունենա աշխարհում դիտվող նշանակալի ու բարդ փոփոխությունների ֆոնին»,-հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: