«Ով ազդեցության լծակներ ունի, «ավտարիտետ» է, նա էլ հաղթում է ընտրություններում». Վիգեն Հակոբյան

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ, թեև ցանկացած ընտրություն քաղաքական պրոցես է, բայց Հայաստանում ամեն ինչ այլ է. «Պետք է փաստենք, որ քաղաքական առումով նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններում նույն բանը կրկնվեց, ինչ վերջին 20 տարվա ընթացքում։ Այս ՏԻՄ ընտրությունները բացարձակապես քաղաքական պրոցեսի չեն վերածվում.  միջհամայնքային կլանային համակարգի միջև պայքար է գնում ընդամենը, ես նույնիսկ կասեի՝ միջցեղային պայքար է գնում։ Ով ավելի լուրջ ազդեցության լծակներ ունի, այդ համայնքում «ավտարիտետ» է, նա էլ հաղթում է»։

Քաղտեխնոլոգի խոսքով՝ ՀՀԿ-ն միշտ հենվում է այն ռեսուրսի վրա, որը կարող է արդյունք ապահովել. «Քաղաքական այդ տանիքը տալիս է ՀՀԿ-ն, որից բխում է լրատվական, ֆինանսական աջակցություն, և արդյունքում՝ համապետական ընտրությունների ժամանակ այդ ընտրված մարդը վերածվում է վարչական ռեսուրսի։ 20 տարուց ավելի է՝ այս ամենում իր մեղքի բաժինն ունի նաև քաղաքական ընդդիմությունը, որը բացառիկ դեպքերում է մասնակցում նման ընտրություններին։ Երբ ընդդիմությունը մասնակցում է, կենտրոնացնում է իր ռեսուրսները, այդ ընտրությունները քիչ թե շատ վերածվում են քաղաքական պրոցեսի, ինչպես դա նախորդ տարի եղավ Հրազդանում, Վանաձորում և Գյումրիում»։

Նրա խոսքով՝ մարդիկ, որոնք դժգոհում են իրենց վիճակից, ընտրությունների օրը գնում- քվեարկում են իշխող ուժի օգտին. «Ստոկհոլմյան սինդրոմն է, երբ պատանդը սիրահարվում է պատանդառուին։ Այնքան են սովորել իրենց իրավիճակին, որ նման վարքագիծ են  միշտ դրսևորում»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս