«ԵԽ-ի հետ մեր աշխատանքները նոր որակ պետք է ստանան». Արմեն Աշոտյան
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը եվրոպական խորհրդարանական կառույցների հետ համագործակցության կարևորությունը վերագնահատելու անհրաժեշտություն է տեսնում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արմեն Աշոտյանն ասաց, որ վերագնահատման հիմքում պետք է ընկած լինի Եվրոպական Միության հետ շրջանակային նոր համաձայնագրի ստորագրման ակնկալվող փաստը:
«Այդ համաձայնագրով արդեն խորհրդարանական համագործակցության նոր ձևաչափ է ենթադրվում, հետևաբար Եվրոպական խորհրդարանի հետ մեր աշխատանքները նոր որակ պետք է ստանան, ինչպես այդ համաձայնագրի դրույթները կյանքի կոչելու տեսանկյունից, այնպես էլ քաղաքական օրակարգի շուրջ»,- ասաց Աշոտյանը:
Նա կարևորում է այն հանգամանքը, որ այս կամ այն ձևաչափում ներկայացված եվրոպական կառույցները խոշոր քաղաքական օրակարգի մաս են և լավ հարթակ Հայաստանի ազգային պետական շահերն առաջ մղելու համար:
«Երրորդ կարևոր հանգամանքն այն է, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայտնի կոռուպցիոն սկանդալներից և բացահայտումներից հետո որոշակիորեն տեսանելի են ադրբեջանական լոբբիզմի դրսևորումներ եվրոպական այլ ինստիտուտներում, հետևաբար մեր աշխատանքը կարևորվում է նաև Ադրբեջանի լոբբիստական ջանքերը եվրոպական ինստիտուտներում կանխելու տեսանկյունից»,- ընդգծեց պատգամավորը:
Նրա խոսքով` ԵՄ Արևելյան գործընկերության ձևաչափում ներառված մյուս երկրները՝ Վրաստան, Ադրբեջան, Ուկրաինա, Մոլդովա, որոշ հարթակներում նաև Բելառուս, Հայաստանի համար կարևոր երկրներ են նաև երկկողմ հարաբերությունների տեսանկյունից, ուստի Հայաստանը պետք է օգտագործի նաև այս հարթակը նույն Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի հետ երկկողմ հարաբերությունները խորացնելու համար: