Բաժիններ՝

«Կարող են որդիներիս դեմ հետաքննություն սկսել». Թուրքիայի վարչապետն արձագանքել է Paradise Papers-ի հրապարակմանը

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն արձագանքել է Հետաքննական լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) կողմից հրապարակված օֆշորային նոր բացահայտումների շրջանակում իր որդիների ներգրավվածության մասին հրապարակումներին: Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Նա հայտարարել է, որ իր որդիների նկատմամբ կարող են հետաքննություն սկսել, սակայն նրանց արարքներում որևէ քրեորեն դատապարտելի քայլ չի եղել:

«Երբ սկսում էի քաղաքականությամբ զբաղվել, երեխաներիս խորհուրդ տվեցի պետության հետ երբեք որևէ գործարքի մեջ չմտնել, չմոտենալ դրան: Ծովագնացությունը մի գործ է, որն ընդունված է աշխարհի բոլոր կողմերում: Այստեղ որևէ գաղտնի կողմ չկա»,- հայտարարել է Յըլդըրըմը:

Վարչապետն ընդգծել է, որ նմանօրինակ խոսակցություններ տարածվել էին նաև 2014 թվականի ընտրությունների ժամանակ: «Ես անձեռնմխելիություն ունեմ, սակայն երեխաներս չունեն: Նրանք նկատմամբ կարող են ցանկացած տեսակի հետաքննություն սկսել»,- ասել է Յըլդըրըմը:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի որդիները՝ Էրքամ և Բյուլենթ Յըլդըրըմները, հայտնվել են Paradise Papers-ի օֆշորային սկանդալում:

Կոնսորցիումի հրապարակած նյութերում նշվում է, որ եղբայրները Մալթայում գրանցված երկու ընկերությունների միակ սեփականատերերն են: Առաջինը՝ Hawke Bay Marine Co. Ltd-ն, ստեղծվել է 2004 թվականի ապրիլին: Ընկերությունն ունի կամ ղեկավարում է բեռնափոխադրող նավերով: Երկրորդ ընկերությունը՝ Black Eagle Marine Co. Ltd-ը, գրանցվել է 2007 թվականին: Գրանցված փաստաթղթերը ցույց են տալիս, որ Էրքամը, ով ընկերությունների բաժնետոմսերի մեծ մասի սեփականատերն է, նաև այդ երկու ընկերությունների տնօրենն է: Երկու ընկերություններն էլ 2017 թվականի հոկտեմբերի դրությամբ Մալթայի ընկերությունների ռեգիստրում գրանցված են որպես ակտիվ գործող ընկերություններ:

Կոնսորցիումից հայտնել են, որ Էրքամ և Բյուլենթ Յըլդըրըմները հրաժարվել են որևէ մեկնաբանություն տալ հրապարակված նյութերի վերաբերյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս