Բաժիններ՝

Թրամփի ժողովրդականության վարկանիշը հասել է ռեկորդային նվազագույնին. հարցում

Պետության ղեկավարի պաշտոնում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի գործունեությանը հավանություն է տալիս ամերիկացիների միայն 36 տոկոսը: Այդ մասին վկայում են CNN հեռուստաալիքի կողմից անցկացված նոր սոցիոլոգիական հարցման արդյունքները։

Ինչպես նշվում է, դա Թրամփի ժողովրդականության նվազագույն ցուցանիշն է նրա նախագահության սկզբից ի վեր CNN-ի անցկացրած համապատասխան բոլոր հարցումների թվում: ԱՄՆ-ի ներկայիս ղեկավարի գործունեությանը բացասաբար է վերաբերվում հարցման մասնակիցների 58 տոկոսը:

Անցած ամսին Թրամփի ժողովրդականության վարկանիշը կազմում էր 37 տոկոս: CNN-ի տվյալներով՝ հարցվածների 44 տոկոսը մտահոգված է Թրամփի օգնականների եւ Ռուսաստանի ներկայացուցիչների հնարավոր շփումների կապակցությամբ ԱՄՆ-ում անցյալ տարվա նախընտրական արշավի ժամանակաշրջանում:

Ընդ որում՝ մասնակիցների 59 տոկոսը կարծում է, որ Թրամփը գիտեր իր ընտրական շտաբի աշխատակիցների եւ Մոսկվայի միջեւ շփումների մասին: Հարցվածների 64 տոկոսը գտնում է, որ ՌԴ-ի ենթադրյալ միջամտությունն ամերիկյան ընտրություններին լուրջ հարց է, որը պետք է ամբողջովին հետաքննվի: Հարցման մասնակիցների 34 տոկոսը հավանություն է տալիս այն բանին, թե ինչպես է Թրամփը վերաբերվում նշված հետաքննությանը, 54 տոկոսը՝ հավանություն չի տալիս:

Հարցումն անցկացվել է նոյեմբերի 2-ից մինչեւ 5-ը, դրան մասնակցել են հազարից ավելի ամերիկացիներ: Ինչպես նշում է CNN-ը, ժողովրդականության նշված վարկանիշը ռեկորդային նվազագույնն է միայն Թրամփի համար: Այսպես, օրինակ՝ ԱՄՆ-ի 43-րդ նախագահ Ջորջ Բուշ Կրտսերին, այս հեռուստաալիքի հարցման համաձայն, 2008 թվականին պաշտպանում էր ամերիկացիների 24 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս