
«Փող կա Ոստիկանության համար նոր ջրցաններ, մահակներ, էլեկտրաշոկերներ առնելու համար, բայց կրթության համար փող չկա՞». Արարատ Միրզոյան

«Այստեղ «փող չկա» սկզբունքը չի աշխատում, որովհետև խոսքը եղածն ըստ նպատակահարմարության բաշխելու մասին է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:
Հիշեցնենք, որ Կրթության ոլորտին 2018 թվականի պետական բյուջեի նախագծով տրամադրվելու է 127 միլիարդ դրամ, որը 0.6 միլիարդով պակաս է 2017 թվականի ցուցանիշից:
Նրա կարծիքով՝ այս իշխանություններին պետք է բանակը, Ոստիկանությունը, բայց նրանք բոլորովին չեն կարևորում կրթությունը, գիտությունը. «Նրանց համար դրանք ավելորդ ոլորտներ են, բեռ են իշխանության վրա: Իշխանություններին պետք է կրոնականացված շարքայինների մի բազմություն, որն ազատ չի մտածում ու ընդամենը հլու-հնազանդ կատարում է վերևից իջեցված հրամանները: Այսինքն՝ փող կա Ոստիկանության համար նոր ջրցաններ, մահակներ, էլեկտրաշոկերներ առնելու, բայց կրթության համար փող չկա՞: 1.8 տոկոս ցուցանիշն ի՞նչ նպատակով են սահմանել, դա ծաղր է ուղղակի, դա մարտահրավեր է, որին մենք պետք է արձագանքենք»:
Ա. Միրզոյանը գտնում է՝ պետք է պայքարել, որ այդ ցուցանիշը փոխվի: Նրա խոսքով՝ սա «յոլա գնալու», «տեղում դոփելու» բյուջե է: