Հարվի Վայնշտեյնին հեռացրել են ԱՄՆ-ի հեռուստատեսային ակադեմիայից
ԱՄՆ-ի հեռուստատեսային գիտությունների եւ արվեստների ակադեմիան, որը հանձնում է «Էմմի» մրցանակը, նոյեմբերի 6-ին իր շարքերից ցմահ բացառել է հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին սեռական ոտնձգությունների եւ եւ բռնությունների մեջ բազմաթիվ մեղադրանքներից հետո:
Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը: «Այսօրվա լսումներից հետո ակադեմիայի վարչությունը քվեարկեց Հարվի Վայնշտեյնին ցմահ հեռացնելու օգտին: Ակադեմիան պաշտպանում է նրանց, ովքեր դեմ են բռնության բոլոր ձեւերին, եւ աջակցում է նրանց, ովքեր տուժել են այս խնդրից»,-ակադեմիայի հայտարարությունը մեջբերում է Variety հանդեսը:
Իր կարիերայի ընթացքում Վայնշտեյնը վաստակել է «Էմմի» մրցանակի 16 անվանակարգ, որը հանձնում է ամերիկյան հեռուստաակադեմիան: Ավելի վաղ Վայնշտեյնին արդեն հեռացրել էին ամերիկյան եւ բրիտանական կինոակադեմիաներից, ինչպես նաեւ Պրոդյուսերների գիլդիայից: Բացի այդ, Վայնշտեյնին հեռացրել էին նրա կողմից հիմնված եւ նրա անունը կրող ընկերությունից, ինչից հետո նա հայտարարել է մասնավոր ներդրող փնտրելու մասին: Ամերիկացի պրոդյուսերի շուրջ սկանդալը բորբոքվել էր հոկտեմբերի ամսին The New York Times թերթում Վայնշտեյնի՝ գրեթե 30 տարի տեւած ոտնձգությունների շուրջ հետաքննության հրապարակումից հետո:
Ընդամենը Վայնշտեյնի նման վարքագծի մասին հայտարարել են շուրջ 30 կանայք, որոնց թվում՝ դերասանուհիներ Անջելինա Ջոլին, Էշլի Ջադը եւ Գվինեթ Փելթրոուն: Վայնշտեյնը համարվում է Հոլիվուդի ամենահաջողակ եւ ազդեցիկ պրոդյուսերներից մեկը, նրա կողմից թողարկված ֆիլմերի թվում են՝ «Քրեական ընթերցվածք», «Անգլիացի հաճախորդը», «Սպանել Բիլլին», «Մատանիների տիրակալը. Մատանու եղբայրություն», «Մատանիների տիրակալը. Երկու ամրոց», «Նյու Յորքի հրոսակախմբերը», «Արքան է խոսում», «Ազատագրված Ջանգոն» եւ բազմաթիվ այլ կինոնկարներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: