
Քաբուլում զինյալները հարձակվել են հեռուստակայանի վրա

Մի խումբ զինյալներ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում հարձակվել են տեղի հեռուստակայանի վրա: Հաղորդագրություններ են ստացվում սպանվածների ու վիրավորների մասին, տեղեկացնում է BBC-ին:
Ականատեսները պատմում են, որ հարձակվողները նռնակներ էին նետում եւ կրակում էին Shamshad մասնավոր հեռուստաալիքի շենքում: Հեռուստաալիքի թղթակիցներից մեկը, որին հաջողվել է փախչել, BBC-ին պատմել է, որ հարձակվողները դեռեւս գտնվում են շենքում: Արտակարգ պատահարի վայրում հրաձգության ձայներ են լսվում: «Իմ գործընկերներից մի քանիսն սպանված են եւ վիրավոր:
Ինձ հաջողվեց փախչել»,-ասել է Խաշմաթ Իստանկզային: Ինչպես հայտնել է Reuters գործակալությունը, հարձակման հետեւանքով զոհվել է երկուսից մինչեւ հինգ մարդ: Քաբուլի ոստիկանության ներկայացուցիչ Բասիր Մուջահիդը հայտնել է, որ հարձակումն սկսվել է հեռուստաալիքի շենքի մուտքի մոտ իրականացված պայթյունից, ինչից հետո հարձակվողները ներխուժել են շենք եւ կրակ բացել:
Նրա խոսքով՝ հարձակվողներից մեկին գնդակահարել են իրավապահ մարմինների աշխատակիցները: Ենթադրվում է, որ շենքում գտնվում է շուրջ հարյուր մարդ: Առայժմ ծայրահեղական խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը: