Դոնալդ Թրամփը ժամանել է Հարավային Կորեա
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 7-ին պետական այցով ժամանել է Կորեայի Հանրապետություն: ԱՄՆ-ի ղեկավարի ինքնաթիռը վայրէջք է կատարել Սեուլից մոտավորապես 60 կմ հեռավորության վրա գտնվող Օսանայի ամերիկյան ռազմաօդային բազայում։ Ժամանումից անմիջապես հետո Թրամփն ուղղաթիռ է նստել եւ ուղեւորվել Փյոնտհեկ քաղաքում ԱՄՆ-ի Քեմփ Համֆրիզ նոր ռազակայան:
Այստեղից նա կուղեւորվի Սեուլ՝ հանդիպելու նախագահ Մուն Չժե Ինի հետ: Սպասվում է, որ այցի գլխավոր թեման կդառնա ԿԺԴՀ-ի հրթիռամիջուկային խնդիրը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի եւ Կորեայի Հանրապետության միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի հարցը: Վերջին անգամ Սպիտակ տան ղեկավարն այդ երկիր պետական այց է կատարել քառորդ դար առաջ: Այն ժամանակվանից ԱՄՆ-ի ղեկավարներն աշխատանքային այցեր էին կատարում հանրապետություն: Հարավային Կորեա Թրամփի ուղեւորությունը Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նրա շրջագայության բաղկացուցիչ մասն է:
Սպիտակ տունը չի թաքցնում, որ ուղեւորության գլխավոր նպատակը, որը կավարտվի նոյեմբերի 14-ին, Փենյանի վրա դիվանագիտական ու տնտեսական ճնշումն ուժեղացնելու շուրջ պայմանավորվելն է, որպեսզի զսպվեն նրա միջուկային հավակնությունները:
Թրամփի 10-օրյա ուղեւորության ծրագրում, Կորեայի Հանրապետություն, Չինաստան եւ Ճապոնիա այցելությունից բացի, մասնակցությունն է Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության անդամենրի բարձր մակարդակի հանդիպմանը վիետնամական Դանանգում, ինչպես նաեւ Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի եւ Արեւելաասիական գագաթնաժողովներին Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: