Ինչո՞ւ է շմոլ գազից թունավորումների թիվն ավելացել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանում շմոլ գազից թունավորումների թիվն այս տարի աճել է՝ հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից:
Հունվարի 1-ից հոկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում շմոլ գազից թունավորումների 276 դեպք է գրանցվել:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպքերի թիվն ավելացել է 112-ով: Գրանցված վերջին դեպքը դեռ թարմ է: Հոկտեմբերի 2-ին Ծիլքար գյուղում շմոլ գազից ընտանիքի երեք անդամները տուժել են:
Դեպքերի մեղավորը եւ՛ սպառողն է, եւ՛ պատկան կառույցը:
«Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը: Վերջինիս խոսքով, երբ ներդրվեց գազասպառման ներտնային համակարգը, խնդիրը կարգավորվեց:
«Դա շատ կարեւոր համակարգ է, որի գործածությունից հետո դեպքերի թիվը կտրուկ նվազել է»,- մատնանշեց Պողոսյանը:
Շմոլ գազի թունավորումներից առաջատարը Երեւանն է 127 դեպքով` նախկին 58–ի փոխարեն: Շմոլ գազից թունավորումներով ամենաքիչը աչքի է ընկնում Վայոց ձորի մարզը: Ըստ Արմեն Պողոսյանի՝ դեպքերը ավելանում են հատկապես ցուրտ գոտիներում:
«Շիրակի մարզում են շատ լինում: Այդտեղ ցուրտ է: Բացի սա, կան շատ վագոն– տնակներ, իսկ նման վայրերում վերահսկողություն կազմակերպելը մի քիչ դժվար է »,– նկատեց նա:
Սպառողների շահերի պաշտպանի գնահատմամբ՝ հաճախ հենց օգտագործողը չի պահպանում անվտանգության կանոնները: Հաճախ անգամ տրված ցուցումները սպառողներն արհամարհում են ու ավանդական ձեւերով կիրառում:
«Արդյոք բոլորը գիտե՞ն, եթե խոհանոցում կա գազի սարք, դուռը պետք է հատակին չկպչի: Չեմ կարծում՝ այս կանոնի մասին բոլորն իմանան: Եվ այս նորմը, բնականաբար, չի պահպանվում»,- ասաց մեր զրուցակիցը:
Այս հարցում նա նաեւ կարեւորում է պատկան կառույցի հետեւողական աշխատանքը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում: