
Մարզպետները պետք է լուրջ հաշվետվություն ներկայացնեն. տեղական իշխանիկները «խաղեր են տվել». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած կիրակի օրը կայացած ՏԻՄ ընտրությունների ընդհանուր արդյունքներով ամենաշատը հաղթել են ՀՀԿ-ական թեկնածուները, սակայն, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, ՀՀԿ-ական մարզպետները կուսակցության ներսում լուրջ հաշվետվություն պետք է ներկայացնեն: Կան տեղեր, որտեղ ՀՀԿ-ն պաշտոնապես սատարում էր կոնկրետ թեկնածուի, բայց պարտվել է, քանի որ տեղական իշխանիկները «խաղեր են տվել»:
Օրինակ՝ Լոռու մարզում Ախթալա խոշորացված համայնքում պարտվել է ՀՀԿ-ական Հայկազ Խաչիկյանը՝ Վազգեն Խաչիկյանի եղբայրը, հաղթել է անկուսակցական Արկադի Թամազյանը: Եւ հիմա մարզպետ Արթուր Նալբանդյանը պետք է բացատրի՝ ինչու, ինչպես: Վայոց ձորի մարզի Եղեգիս խոշորացված համայնքում մարզպետ Հարություն Սարգսյանն ու մարզի տիրակալ հռչակած Աշոտ Արսենյանը՝ Ջերմուկի Աշոտը, չկարողացան ՀՀԿ-ի կողմից պաշտպանվող Տիգրան Խուդոյանին անցկացնել:
Հաղթեց մեկ այլ ՀՀԿ-ական Արթուր Ստեփանյանը: Գեղարքունիքի մարզում եւս 2 համայնքում ՀՀԿ-ն «շեղվել է»: Ճամբարակ համայնքում ՀՀԿ-ական Յուրա Ավալյանը պարտվել է անկուսակցական թեկնածուին՝ Վազգեն Ադամյանին, մինչդեռ ՀՀԿ-ն պաշտպանում էր Ավալյանին, իսկ Գեղամասար համայնքում ՀՀԿ-ական Զոյա Գեւորգյանը պարտվել է ՀՀԿ-ական Հակոբ Ավետյանին, թեեւ կուսակցությունը պաշտպանում էր կին թեկնածուին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: