Բաժիններ՝

Կատալոնիայի անկախության հնարավորությանը հավատում է նրա բնակիչների 15 տոկոսը. հարցում

Իսպանիայից Կատալոնիայի անկախության հնարավորությանը հավատում է ինքնավար հանրակցության բնակչության 15 տոկոսը:

Այդ մասին վկայում են այն հարցման արդյունքները, որը La Vanguardia թերթի պատվերով անցկացվել է GAD3 կենտրոնի կողմից։ Դրա հետ մեկտեղ ավելի քան 28 տոկոսը ցանկանում է, որ «ինքնիշխանություն ձեռք բերելու գործընթացն» ավարտվի անկախության հայտարարմամբ:

Հարցման մասնակիցների 36 տոկոսից ավելին շահագրգռված է, որ հակամարտությունը լուծվի կենտրոնական իշխանությունների եւ ժեներալիտետի միջեւ բանակցությունների ճանապարհով, սակայն նման հնարավորությանը հավատում է միայն 21 տոկոսը:

Հարցման մասնակիցների ավելի քան 41 տոկոսը հուսով է, որ Կատալոնիայի խորհրդարանի դեկտեմբերի 21-ին կայանալիք վաղաժամկետ ընտրությունները թույլ կտան իրադրությունը վերադարձնել օրինական հուն: Հարցվածների ճնշող մեծամասնությունը (գրեթե 68 տոկոսը) համաձայն է այն բանի հետ, որ «ինքնիշխանության ձեռքբերման գործընթացը» հանգեցրել է հասարակության պառակտման:

Ավելի քան 58 տոկոսը համաձայն է, որ Կատալոնիան վերջին հինգ տարում միայն կորցրել է «անկախության շարժումից»: 61 տոկոսը հասկանում է, որ անկախության հռչակումից հետո Կատալոնիան կկորցնի ԵՄ-ին իր անդամությունը: Մասնակիցների ավելի քան 42 տոկոսն իրեն հավասարապես կատալոնցի եւ իսպանացի է զգում:

21 տոկոսն իրեն ավելի շատ կալատոնցի է զգում, քան իսպանացի: Իրենց միայն իսպանացի են զգում գրեթե 5 տոկոսը, միայն կատալոնցի՝ 20 տոկոսը: Հարցումն անցկացվել է հոկտեմբերի 30-ից մինչեւ նոյեմբերի 3-ը, դրան մասնակցել է 1233 մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս