Բաժիններ՝

«Գրադարաններ, թանգարաններ, ցուցասրահներ, հուշարձաններ, մշակույթի արժեքներ… Ինչքա՜ն ողորմելի, խեղճ ու կրակ թվեր են». Վարդան Բոստանջյանը՝ Արմեն Ամիրյանին

«2018 թվականի պետական բյուջեն լինելու է զարգացման և ներդրումների շարունակականությունն ապահովող բյուջե»,- այսօր Ազգային ժողովում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Հիշեցնենք, որ 2018 թվականի բյուջեի նախագծով հանգստի, մշակույթի և կրոնի համար 2017 թվականի համեմատ՝ 0.4 միլիարդ դրամի ավելացում է նախատեսված, ընդհանուր գումարը կլինի 26,7 միլիարդ դրամ:

Պատգամավոր Կնյազ Հասանովը հարցով դիմեց նախարարին. «Կինոսերիալները գնալով դառնում են ձանձրալի, և անհետաքրքրություն կա հանդիսատեսի կողմից, գոնե տարին 1 կամ 2 անգամ հնարավո՞ր չէ  արտադրել ավանդական գեղարվեստական կինոֆիլմեր, որոնք կպահպանեն և կզարգացնեն մեր մշակույթը»

Ի պատասխան՝ Ա. Ամիրյանն ասաց. «Բյուջեով հատկացված է 224 միլիոն դրամ գեղարվեստական ֆիլմերի կինոարտադրության համար, և 40 միլիոն՝ վավերագրական ֆիլմերի: Այս տարի «Կինոյի մասին» օրենքը շրջանառելով՝ մենք ակնկալում ենք հաջորդ տարվա կինոարտադրության հայտերն ընդունել օրենքին համապատասխան, ինչը նշանակում է՝ շատ բաց, թափանցիկ լսումներ, որին կարող են նաև լրագրողները մասնակցել և տեսնել, թե որ ֆիլմերն ընտրվեցին և ինչ պետական աջակցություն ստացան: Օրենքն առավել նպաստելու է հայկական կինոարտադրությանը»:

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Բոստանջյանն էլ նկատեց, որ հասկանալի է, որ բյուջեում փող չկա, գնալով ամեն ինչ կրճատվում է. «Բայց չեմ հասկանում՝ գրադարաններ, թանգարաններ, ցուցասրահներ, հուշարձաններ, մշակույթի արժեքներ… Ինչքա՜ն ողորմելի, խեղճ ու կրակ թվեր են: Արդյոք գրադարանը 1 միլիարդ ու կեսով կբավարարվի՞, կամ թանգարանը, ցուցասրահները, և այլն»:

Ա. Ամիրյանն ասաց, որ միայն թանգարանային ծառայությունների և ցուցահանդեսների մասով իրենք արձանագրել են 12.8 տոկոսի աճ. «Ներդրումներ անելով ենթակառուցվածքներում՝ մենք համոզված ենք, որ ոչ միայն կկարողանանք այդ բացն ապահովել, այլև իրական աճ ապահովել այս ոլորտներում: Սա հնարավոր է, ու այս վեց ամիսների աշխատանքը ցույց է տալիս, որ հետևողական և ուշադիր աշխատանքի դեպքում՝ մենք կարող են թանգարանների ֆինանսական ցուցանիշները բավականին բարձրացնել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս