«Հայաստանում ստեղծված են բարենպաստ պայմաններ գործարարությամբ զբաղվելու համար». Սերժ Սարգսյան

Հնդկաստանի շուկայի հնարավորությունները գրավիչ են հայ գործարարների համար: Հնդկական «DD news»-ին տված հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հնդկաստանն ունի աշխարհում ամենաարագ զարգացող տնտեսություններից մեկը, այն հսկայական շուկա է և, իհարկե, գրավիչ:

«Մենք խրախուսում ենք արտահանումը, և տարիներ շարունակ ունենք արտահանման երկնիշ աճ, արտահանումն ապահովագրում ենք պետական կառույցի կողմից: Ընդհանրապես, արտահանումը շատ շահավետ է Հայաստանի համար: Մենք արդեն Հնդկաստանի իշխանություններին հանձնել ենք 35 անուն ապրանքատեսակների ցուցակ, վստահ եղեք, որ մենք կամաց-կամաց տեղ ենք գտնելու հնդկական շուկայում: Այսօր էլ ունենք արտահանում»,- ասել է նախագահը:

Անդրադառնալով Հայաստանում ներդրումային հնարավորություններին` Սերժ Սարգսյանը նշել է, որ այսօր մեր երկրում ստեղծված են բարենպաստ պայմաններ գործարարությամբ զբաղվելու համար:

«Մենք տարիներ շարունակ առաջընթաց ունենք «Դուինգ բիզնես»-ի ցուցանիշով: Ես այսօր լսեցի, որ այդ աղյուսակում Հնդկաստանը 30 տեղով բարելավել է դիրքերը` գտնվելով 100 երկրների շարքում: Մենք էլ ենք բավական բարենպաստ գոտում, մենք առաջին 50 երկրների ցանկում: Վստահ եմ, որ հաջորդ տարվա գնահատման ցուցանիշներով առաջընթացն ակնառու կլինի: Հայաստանը փոքր երկիր է, հենց այդ պատճառով նաև ամեն շատ, թե քիչ նշանակալի գործարար գտնվում է ՀՀ կառավարության և իմ տեսադաշտում: Դա նշանակում է, որ մշտապես պատրաստակամ ենք աջակցելու յուրաքանչյուր ներդրողի: Մենք խորապես շահագրգռված ենք ներդրումների հարցում»,- ասել է նախագահը: Սերժ Սարգսյանը նշել է, որ համագործակցության ոլորտները բազմազան են` գյուղատնտեսություն, գյուղմթերքների վերամշակում, ադամանդագործություն, ոսկերչություն, դեղագործություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, հանքարդյունաբերություն և այլն:

«Հրավիրում ենք հնդիկ գործարարներին փորձել իրենց ունակությունները հայկական տնտեսության մեջ: Ես կցանկանայի, որ հաջողության պատմությունները շատ լինեն»,-հավելել է նախագահը:

Նախագահ Սերժ Սարգսյանը Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիի հրավերով նոյեմբերի 2-ին աշխատանքային այցով մեկնել է Հնդկաստան: Այցի շրջանակներում Նախագահը հանդիպումներ է ունեցել երկրի բարձրագույն ղեկավարության՝ վարչապետ Նարենդրա Մոդիի, նախագահ Ռամ Նաթ Քովինդի և փոխնախագահ Վենկայա Նայդուի հետ: Հանրապետության Նախագահը մասնակցել է «Համաշխարհային պարեն. Հնդկաստան-2017» համաժողովի լիագումար նիստին և դրա շրջանակներում նախատեսված նույն խորագրով միջազգային սննդարդյունաբերության ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը: Սերժ Սարգսյանը հանդիպում ունեցել նաև Հնդկաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Տեսանյութեր

Լրահոս