
Գիտնականները նշել են քաղցկեղը կանխող ուտելիքը

Բրիտանացի եւ նորվեգացի գիտնականները նշել են առավել պիտանի սնունդն աղեստամոքսային հիվանդությունների, այդ թվում՝ քաղցկեղի կանխման համար: Հետազոտությունը հրապարակված է Nature Communications-ում, ինչի մասին հայտնել է Ուորիքի համալսարանը (Մեծ Բրիտանիա)։
Նուռը, խաղողի կարմիր սորտերը, տանձը, սունկը, ոսպը, սոյան եւ կանաչ ոլոռն առանձնապես արդյունավետ են աղեստամոքսային հիվանդությունների կանխարգելման համար:
Այդ սնունդը, նշում են գիտնականները, դրական ազդեցություն է գործում աուտոֆագիայի (բջջի կողմից սեփական վնասակար բաղադրիչների կլանման) վրա՝ օրգանիզմում կանխելով բորբոքային գործընթացների զարգացումը:
Հեղինակները նման եզրակացությունների են հանգել՝ պարզելով այն պատճառները, որնք ազդում են աուտոֆագիայի բնականոն մեխանիզմի վրա: Գիտնականները հայտնաբերել են Kenny սպիտակուցը, որի հետ է կապված գործընթացի կարգավորումը: Երբ աուտոֆագիան կոռեկտ չի գործում, այդ պրոտեինը կուտակվում է եւ բորբոքում է առաջ բերում: