Թուրքիայում կանանց նկատմամբ բռնություններն ավելացել են
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-CHP) երկրի սոցիալական խոցելիության վերաբերյալ զեկույց է հրապարակել: Թուրքական «Habertürk» թերթի կայքի համաձայն՝ զեկույցում տեղ գտած վիճակագրական տվյալներն ապշեցուցիչ են:
Այսպես, 2011-2016թթ. ընթացքում Թուրքիայում հակադեպրեսանտների օգտագործման մակարդակը աճել է 25.6 տոկոսով: 2003թ. այս երկրում վաճառվել է 14 մլն 238.000 տուփ հակադեպրեսանտ, 2012թ.՝ 37 մլն 351.187, իսկ 2016թ. առաջին 9 ամիսների ընթացքում՝ 33 մլն 638.916 տուփ հակադեպրեսանտ:
Թուրքիայում թմրանյութային և ալկոհոլային կախվածությունը վերջին 6 տարում ավելացել է 17 անգամ: 15-64 տարեկանների 2.7 տոկոսը կյանքում առնվազն մեկ անգամ օգտագործել է որևէ անօրինական, կախվածություն առաջացնող թմրամիջոց:
Թուրքիայում ՄԻԱՎ վիրուսակիրների թիվը ներկայումս հասել է 13.000-ի: Առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ 2005թ. երկրում գրանցված էր 292 ՁԻԱՀ հիվանդ, 2011-2016թթ. արձանագրվել է 7.406 նոր դեպք: Վերջին 10 տարվա ընթացքում ողջ աշխարհում ՄԻԱՎ վարակակիրների թիվն ամենից շատ աճել է հենց Թուրքիայում (426 տոկոս աճ):
Թուրքիայի վիճակագրական ընկերության (ԹՎԸ-TÜİK) հրապարակած տեղեկությունների համաձայն՝ երկրում նկատելիորեն ավելացել է ինքնասպանությունների թիվը: 2015թ. ինքնասպանությունների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 1.3 տոկոսով՝ կազմելով 3.211: Ընդ որում, ինքնասպանություն գործողների 72.7 տոկոսը տղամարդիկ են, 27.3 տոկոսը՝ կանայք:
Ընտանեկան եկամտի և պարտքերի հարաբերությունը 2002թ. կազմել է 4.7 տոկոս, 2016թ.՝ 57 տոկոս: Սպառողների բանկային պարտքերը 6.6 մլրդ թուրքական լիրայից հասել են 419.6 մլրդ լիրայի: Ֆերմերների՝ բանկերին ունեցած պարտքերը նույն ժամանակահատվածում 5.1 մլրդ լիրայից հասել են 73.4 մլրդ լիրայի:
Նշված տարիների ընթացքում Թուրքիայում ամուսնալուծությունների թիվն աճել է 37 տոկոսով, մարմնավաճառությունը՝ 790 տոկոսով, երեխաների սեռական շահագործումը՝ 434 տոկոսով, թմրանյութերից կախվածությունը՝ 678 տոկոսով, սեռական ոտնձգությունների թիվը՝ 449 տոկոսով, կանանց նկատմամբ բռնությունները՝ 1400 տոկոսով:
2011-2016թթ. Թուրքիայում մեծահասակները ամուսնացրել են 232.313 մանկահասակ աղջկա: 2012թ. մինչ օրս 18 տարին չլրացած շուրջ 440.000 աղջիկ է մայրացել: Ընդ որում, միչև 18 տարեկանն ամուսնացող աղջիկների 69.9 տոկոսի ամուսինները իրենցից մեծ են 6 և ավելի տարով: