
Մադրիդը հարգում է բելգիական դատտարանի վճիռը Պուչդեմոնի նկատմամբ

Իսպանիայի իշխանությունները հարգանքով են վերաբերվում Կատալոնիայի ղեկավարի պաշտոնից հեռացված Կառլես Պուչդեմոնի եւ տարածաշրջանային կառավարության չորս նախկին անդամների նկատմամբ բելգիական դատտարանի կայացրած վճիռներին, որոնք գտնվում են Բրյուսելում: Այդ մասին հայտարարել է Իսպանիայի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Սորայա Սաենս դե Սանտամարիան:
«Կառավարության կողմից առավելագույն հարգանք ենք հայտնում դատավորների վճիռներին Իսպանիայում, Բելգիայում եւ բոլոր այն պետություններում, որոնք հարգում են իշխանությունների բաժանումը եւ դատական մարմինների անկախությունը»,- նշել է փոխվարչապետը, որի խոսքը մեջբերել է Europa Press գործակալությունը:
Ինչպես արդեն տեղեկացվել է, Բելգիայի դատարանը որոշակի պայմաններով ազատել է Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին ու նրա չորս զինակիցներին: Լսումները տեւել են ավելի քան 10 ժամ: Պուչդեմոնը եւ կատալոնյան կառավարության նախկին անդամներն ազատվել են մինչեւ եվրոպական կալանագրի կատարման վերաբերյալ որոշման ընդունումը, որը տրվել է Իսպանիայի կողմից: Բոլոր հինգին էլ արգելված է առանց դատավորի թույլտվության հեռանալ Բելգիայից: Նրանք նաեւ պարտավոր են 15 օրվա ընթացքում ներկայանալ դատարան:
Ավելի վաղ Կատալոնիայի նախկին ղեկավարն ու նրա չորս զինակիցները հանձնվել էին բելգիական ոստիկանությանը:
Մինչ այդ դատարանն արդեն կալանքի տակ էր վերցրել կատալոնյան դեպարտամենտների ութ նախկին ղեկավարների, այդ թվում՝ ինքնավարության ղեկավարի նախկին տեղակալ Օրիոլ Ժունկերասին: Իսպանիայի դատախազությունը նրանց մեղադրում է ապստամբության, խռովության եւ վատնումների մեջ: Պուչդեմոնը պնդում է, որ ինքը չի փորձում խույս տալ արդարադատությունից: Կատալոնիայի նախկին ղեկավարի թիմն իր դեմ առաջադրված մեղադրանքներն արդեն որակել է չհիմնավորված եւ հայտարարել է, որ դրանք քաղաքական դրդապատճառներ ունեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: