
2018 թվականին կրթության ոլորտին տրամադրվող հատկացումները 0.6 տոկոսով պակաս կլինեն

Կրթության ոլորտին 2018 թվականի պետական բյուջեի նախագծով տրամադրվելու է 127 միլիարդ դրամ, որը 0.6 միլիարդով պակաս է 2017 թվականի ցուցանիշից: Այսօր Ազգային ժողովում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ այս փոփոխությունը պետք է ազդեցություն չունենա կրթության բնագավառի որակական ցուցանիշի վրա:
«Խոսքը վերաբերում է այնպիսի փոփոխությունների, որոնք միտված են ծախսերի արդյունավետությունը բարձրացնելուն, և ոչ թե՝ ծառայությունների ծավալների կրճատմանը, որոնք կազմակերպվում են հանրության համար այս բնագավառում»,- նշեց փոխնախարարը:
Նա տեղեկացրեց, որ բյուջեի նախագծով հանգստի, մշակույթի և կրոնի համար 2017 թվականի համեմատ՝ 0.4 միլիարդ դրամի ավելացում է նախատեսված, ընդհանուր գումարը կլինի 26,7 միլիարդ դրամ:
Սպորտի ոլորտին տրամադրվելու է 5.6 միլիարդ դրամ, ինչը 200 միլիոնով ավելի է, քան 2017 թվականի ցուցանիշն էր:
ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին տրամադրվելու է 268.7 միլիոն դրամ, որն ամբողջությամբ օգտագործվում է հանձնաժողովի պահպանման ծախսերի համար: