Բաժիններ՝

Հարավային Կորեան ընդլայնել է ԿԺԴՀ-ի քաղաքացիների պատժիչ ցուցակը

Կորեայի Հանրապետության կառավարությունը նոյեմբերի 6-ին հայտարարել է ԿԺԴՀ-ի նկատմամբ միակողմանի պատժամիջոցների շրջանակներում այդ երկրի 18 քաղաքացիների պատժամիջոցների ցուցակում ներառելու մասին, որոնք նպատակամղված են Փենյանի միջուկային եւ հրթիռային ծրագրերի ֆինանսավորման դադարեցմանը: Այս մասին հայտնել է Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը:

Պատժամիջոցների օբյեկտներ են դարձել Չինաստանում, Ռուսաստանում եւ Լիբիայում հինգ բանկերի մասնաճյուղերի ղեկավարներ եւ աշխատակիցներ:

«Նրանց թվում են Մոսկվայում Կորեայի զարգացման միացյալ բանկի ներկայացուցիչ Լի Ըն Սոնը, Վլադիվոստոկում ԿԺԴՀ-ի Արտաքին առեւտրի բանկի ներկայացուցիչ Չու Հյոկը եւ Լիբիայում այդ բանկի ներկայացուցիչ Կու Չժա Հյոնը, Չինաստանում «Տեսոն» բանկի ներկայացուցիչ Կան Մինը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Արտաքին քաղաքական գերատեսչությունը պնդում է, որ ԿԺԴՀ-ի բոլոր այն քաղաքացիները, որոնք մտցվել են պատժամիջոցների ցուցակ, մասնակցել են երկրի միջուկային ծրագրի ֆինանսավորմանը նպատակամղված գործողություններին: Փաստաթղթում ընդգծված է, որ այդ քայլերը «կօգնեն արգելափակել ապօրինի արժութային հոսքերը Հյուսիսային Կորեա», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս