
«ԱԱԾ-ում տասը րոպե էլ պահեն, ինչ էլ ուղղորդեն, կանի». «Իգլա»-ի գործով ամբաստանյալ

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստում մեղադրական ճառով հանդես կգա մեղադրող Արամ Արամյանը:
Իսկ այսօրվա դատական նիստում հայտարարվեց դատաքննության ավարտի մասին:
Ըստ «Փաստինոյի»՝ մինչ դատաքննության ավարտը կողմերին տրամադրվեց մեղադրողի նամակն այն մասին, որ վկա Աշոտ Շուշանյանը հարցաքննությունից րոպեներ անց է մուտք գործել ԱԱԾ շենք և հարցաքննության ավարտից րոպեներ անց էլ հեռացել շենքից: Այդպիսով մեղադրողը հերքում է վկայի հայտարարությունն այն մասին, որ ինքը տևական ժամանակ գտնվել է ԱԱԾ շենքում: Մեղադրողը հայտարարեց, որ այս մասին ինքն առավել մանրամասն կխոսի դատական վիճաբանությունների փուլում:
Դատարանում հրապարակվեց նաև ժամանակին դատարանի կայացրած որոշումը անջատված մասով մեղադրյալ Հրաչյա Մայիլյանի հեռախոսահամարների՝ երկու ամիս ժամկետով գաղտնալսելու մասին՝ վերջինս է ԱԱԾ-ին հանձնել «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի խողովակը:
Վկա Աշոտ Շուշանյանի ԱԱԾ շենքում գտնվելու տևողության հետ կապված մեղադրողի նամակի վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը: Ըստ նրա կարևոր չէ, թե որքան ժամանակ է ԱԱԾ շենքում գտնվել վկան. «Տասը րոպե էլ պահեն, ինչ էլ ուղղորդեն, կանի»:
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի