Հայաստանում տարին խորհրդանշող թռչուն կընտրեն
Հայաստանում կընտրեն տարվա թռչուն: Հայաստանի թռչունների պահպանման միությունը հայտարարում է «Տարվա թռչուն 2018» բաց քվեարկությունը, որի արդյունքում Հայաստանում գրանցված վեց թռչնատեսակներից ընտրվելու է մեկը: Ընտրության թեկնածու թռչուններն են` ժայռային փոքր սիտեղը, սովորական կկուն, փոքր ջրցուլը, ջրարծիվը, ամուրիկը, կարմրագլուխ սուզաբադը:
Յուրաքանչյուր տարի՝ սկսած 2009 թ-ից, Հայաստանի թռչունների պահպանման միությունը հայտարարում է «Տարվա թռչուն» խորագրով միջոցառումը, որն անց է կացվում հանրային քվեարկության միջոցով: «Տարվա թռչնի» ընտրության հիմնական չափանիշներով թռչունը պետք է ճանաչելի լինի բոլորի կողմից,պետք է լինի հեշտ տեսանելի եւ պահպանության կարիք պետք է ունենա:
Նախաձեռնության նպատակն է բարձրացնել բնական ռեսուրսների և թռչունների հանրային գնահատականը` մասնավորապես ընտրելով կոնկրետ թռչնատեսակների և այդ ձևով փորձել էլ ավելի բարձրացնել հասարակության հետաքրքրությունը այդ տեսակների պահպանության հանդեպ:
2017 թվականը խորհրդանշող թռչնատեսակը փոքր տատրակն էր: