
Օբաման վերստին հորդորել է սահմանափակել զենք կրելը

ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման Տեխասում տեղի ունեցած հրաձգությունից հետո, որը 26 մարդու կյանք է խլել, վերստին հորդորել է սահմանափակել զենքի կրումը։
«Մենք սգում ենք Սազերլենդ Սփրինգսի բոլոր այն ընտանիքների հետ միասին, ովքեր տուժել են ատելության այդ ակտից, եւ մենք կաջակցենք փրկվածներին, որոնք ապաքինվում են: Թող Աստված նաեւ մեզ բոլորիս իմաստնություն տա՝ ինքներս մեզ հարցնելու՝ ինչ կոնկրետ քայլեր մենք կարող ենք ձեռնարկել մեզանում բռնությունն ու զենքը նվազեցնելու համար»,-գրել է Օբաման Twitter-ում:
Ավելի վաղ ԱՄՆ-ի իշխանությունները հայտնել են, որ 26 մարդ է զոհվել եւ շուրջ 20 հոգի վիրավորվել նոյեմբերի 5-ին Տեխասի Սազերլենդ Սփրինգս քաղաքի բապտիստական եկեղեցում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով: Օբաման նախագահի պաշտոնում փորձել է զենք կրելու սահմանափակում մտցնել Քոննեքթիքութի նահանգի Սենդի Հուքի դպրոցում 26 երեխաների ու չափահասների զոհվելուց հետո, բայց օրինագիծը չի անցել Կոնգրեսում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: