Աբեն և Թրամփը համակարծիք են ԿԺԴՀ-ի խնդրի ռազմական լուծման հնարավորության հարցում
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը համակարծիք են ԿԺԴՀ-ի խնդրի ռազմական լուծման հնարավորության հարցում: Այդ մասին հայտնել է Աբեն ինքը Թրամփի հետ Տոկիոյում անցկացված համատեղ մամուլի ասուլիսում:
«Մենք պաշտպանում ենք նախագահ Թրամփի այն դիրքորոշումը, որ Հյուսիսային Կորեայի նկատմամբ բոլոր տարբերակները սեղանի վրա են»,-ասել է Ճապոնիայի վարչապետը:
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահը քանիցս ընդգծել է, որ ԿԺԴՀ-ի նկատմամբ դիտարկվում են գործողությունների հնարավոր բոլոր տարբերակները, ներառյալ ռազմական: Ճապոնիայի կառավարության ղեկավարը նշել է, որ Տոկիոյում կայացած բանակցություններով երկու երկրների ղեկավարներին «հաջողվեց ամբողջ աշխարհին ցուցադրել ճապոնա-ամերիկյան դաշինքի անխախտելիությունը»: Աբեի կարծիքով՝ այժմ ԿԺԴՀ-ի հետ երկխոսություն վարելու ժամանակը չէ: «Անհրաժեշտ է առավելագույն ճնշում գործադրել Հյուսիսային Կորեայի վրա»,-հայտարարել Է Ճապոնիայի վարչապետը:
Դոնալդ Թրամփը նաեւ խոստացել է, որ Վաշինգտոնն այլեւս չի հանդուրժելու ԿԺԴՀ-ի սադրիչ գործողությունները: Նրա խոսքով՝ Վաշինգտոնը եւ Տոկիոն սերտորեն համագործակցում են, որպեսզի «դիմակայեն Հյուսիսային Կորեայի ռեժիմի վտանգավոր ագրեսիային», հաղորդել է ՏԱՍՍ-ը: