
«Մասնավոր սեկտորում աշխատողները գտնվում են ստրկատիրական վիճակում». Նախկին Սոցապ նախարարը՝ ներկայիս նախարարին

«Աշխատանքի պետական քաղաքականությունը մշակելու պարտականությունը դրված է նախարարության վրա»,- այսօր Ազգային ժողովում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ նախկին սոցապ նախարար, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ դիմելով ներկայիս Սոցապ նախարար Արտեմ Ասատրյանին:
Նա հիշեցրեց, որ իր նախարար եղած ժամանակահատվածում ՀՀ-ում գործում էր աշխատանքի պետական տեսչությունը, որը պետական հսկողություն և վերահսկողություն էր իրականացնում ՀՀ-ի մաբողջ տարածքում աշխատողների իրավունքների պաշտպանության օրենսդրությունը պահպանելու նկատմամբ. «Այսօր դա լուծարվել է, և Առողջապահական պետական տեսչությունը, բացի անչափահասների և հղի կամ երեխա խնամող կանանց աշխատանքային իրավունքների պաշտպանությունից, որևէ այլ ձևով չի պաշտպանում մնացած աշխատողների շահերը:
Դուք չե՞ք գտնում, որ այս պայմաններում, հատկապես՝ մասնավոր սեկտորում աշխատողները գտնվում են ստրկատիրական վիճակում, և այդ ոլորտի օրենսդրությունը մշակողները, չեմ կարծում, որ դիտորդի կարգավիճակում պետք է նայեն այդ ամեն ինչին: Մի՞թե չէր կարելի բյուջեով նախատեսել մի ծախս, որով կկարողանային համարժեք վերաբերմունք ցուցաբերել այդ խախտումներին»:
Ի պատասխան՝ Ա. Ասատրյանն ասաց, որ ինքն այս պահին չի պատկերացնում նման ծրագրի անհրաժեշտությունը.
«Երբ մենք խոսեցինք տեսչական բարեփոխումների մասին, մենք այնտեղ բոլորս համակարծիք էինք, որ հնարավորինս պետք է սահմանափակենք որևէ տեսչության տեսուչների կամայական այցելությունները որևէ կազմակերպության կամ գործատուի: Ընդհանուր գաղափարախոսությունը բարեփոխումների միտված է եղել դրան, ու հիմա էլ շարունակվում են այդ բարեփոխումները: Կոնֆլիկտ է առաջանում, երբ մենք մի կողմից՝ ասում ենք, որ պետք է տեսուչն այցելություն անի ցանկացած պահի, մյուս կողմից էլ՝ ունենք այն հիմնավորումը, որ դրել ենք այդ բարեփոխումների հիմքում»: