Ճապոնիայի կայսերական զույգն ընդունել է Դոնալդ Թրամփին և նրա տիկնոջը
Ճապոնիայի Ակիհիտո կայսրը եւ Միտիկո կայսրուհին նոյեմբերի 6-ին պալատի իրենց նստավայրում ընդունել են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին եւ նրա տիկնոջը՝ Մելանյային: Այս մասին հայտնել է արքունիքի Գործերի վարչությունը:
«Անցյալում մեր երկրները մասնակցել են միմյանց դեմ պատերազմին: Սակայն ես կարծում եմ, որ Ճապոնիան իր ներկայիս տեսքով գոյություն ունի ԱՄՆ-ի հետ բարեկամական հարաբերությունների եւ նրա կողմից ցուցաբերված օգնության շնորհիվ»,- ասել է կայսրը հանդիպման ժամանակ:
Կայսրը նաեւ հետաքրքրվել է, թե ինչպես է անցնում Միացյալ Նահանգների ղեկավարի այցը Ճապոնիայում: «Ամեն ինչ անցնում է շատ լավ: Մենք բովանդակալից կարծիքներ ենք փոխանակում տարբեր թեմաների շուրջը, ներառյալ Հյուսիսային Կորեան, Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի ռազմավարական փոխգործակցությունը եւ առեւտրական հարաբերությունները»,- պատասխանել է նախագահը: Ընդունելությունն, ինչպես եւ պլանավորված էր, տեւել է շուրջ 30 րոպե, հաղորդել է ՏԱՍՍ-ը: