
Առնվազն 44 մարդ է զոհվել Վիետնամում մոլեգնող «Դամրի» թայֆունից

Վիետնամի կենտրոնական մասում մոլեգնող «Դամրի» թայֆունը վերջին երեք օրվա ընթացքում առնվազն 44 մարդու կյանք է խլել, եւս 19 հոգի անհայտ կորած է համարվում: Այդ մասին հայտնել է տարերային աղետների հետեւանքների դեմ պայքարի համակարգման կոմիտեն:
«Դամրի»-ն դարձել է 12-րդ թայֆունը Վիետնամում եւ հասցրած վնասի չափերով առավել ծանր տարերային աղետը վերջին երկու տասնամյակի ընթացքում: Համակարգող կոմիտեի տվյալների համաձայն՝ հորդառատ անձրեւների եւ դրանց առաջացրած վարարումների հետեւանքով հեղեղվել են կամ վնասվել ավելի քան 40 հազար բնակելի շենքեր: Ավելի քան 30 հազար մարդ հարկադրված է եղել լքել իր բնակատեղին: Տարերքը բազմաթիվ շրջաններ զրկել է էլեկտրաէներգիայից ու արտաքին աշխարհի հետ կապից, այնտեղ ողողված են մնում ավելի քան 40 հազար հեկտար գյուղատնտեսական հողեր:
Թայֆունի հետեւանքով զգալի չափով վատացել է տրանսպորտային իրադրությունը Վիետնամի կենտրոնական շրջաններում: Ջրի տակ է հայտնվել այն երկաթուղու 30-կիլոմետրանոց հատվածը, որը կապում է երկրի հյուսիսն ու հարավը, ինչպես նաեւ անդրվիետնամական ավտոմայրուղու բազմաթիվ տեղամասեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: