
Բելգիայի դատարանն ազատեց Պուչդեմոնին ու նրա չորս զինակիցներին. Reuters

Բելգիայի դատարանը որոշակի պայմաններով ազատել է Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին ու նրա չորս զինակիցներին: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը: Ըստ նրա տեղեկատվության՝ լսումները տեւել են ավելի քան 10 ժամ: Պուչդեմոնը եւ կատալոնյան կառավարության նախկին անդամներն ազատվել են մինչեւ եվրոպական կալանագրի կատարման վերաբերյալ որոշման ընդունումը, որը տրվել է Իսպանիայի կողմից:
Ինչպես հավելում է գործակալությունը՝ հղում անելով դատախազության ներկայացուցիչներին, բոլոր հինգին էլ արգելված է առանց դատավորի թույլտվության հեռանալ Բելգիայից: Նրանք նաեւ պարտավոր են 15 օրվա ընթացքում ներկայանալ դատարան:
Ավելի վաղ Կատալոնիայի նախկին ղեկավարն ու նրա չորս զինակիցները հանձնվել Էին բելգիական ոստիկանությանը:
Մինչ այդ դատարանն արդեն կալանքի տակ էր վերցրել կատալոնյան դեպարտամենտների ութ նախկին ղեկավարների, այդ թվում՝ ինքնավարության ղեկավարի նախկին տեղակալ Օրիոլ Ժունկերասին: Իսպանիայի դատախազությունը նրանց մեղադրում է ապստամբության, խռովության եւ վատնումների մեջ: Պուչդեմոնը պնդում է, որ ինքը չի փորձում խույս տալ արդարադատությունից: Կատալոնիայի նախկին ղեկավարի թիմն իր դեմ առաջադրված մեղադրանքներն արդեն որակել է չհիմնավորված եւ հայտարարել Է, որ դրանք քաղաքական դրդապատճառներ ունեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: