Հորմոնալ անհավասարակշռություն. 10 նշան, որոնք չի կարելի անուշադրության մատնել
Հորմոնները շատ կարևոր նշանակություն ունեն ինչպես՝ ֆիզիկական, այնպես էլ՝ հոգեկան առողջության համար։ Հորմոնալ անհավասարակշռությունն իր հետ մի խումբ անցանկալի հետևանքներ է բերում, որոնք արտահայտվում են օրգանների աշխատանքի խանգարումների և հիվանդությունների տեսքով, որոնք էականորեն ազդում են կյանքի որակի վրա։
Այդ պատճառով էլ կարևոր է իմանալ նշանները, որոնք վկայում են հորմոնալ անհավասարակշռության մասին, և ժամանակին քայլեր ձեռնարկել։ Steptohealth.ru-ն ներկայացրել է հորմոնալ անհավասարակշռության 10 առավել տարածված նշանները։
Ակնե։ Կանանց մի մասի մոտ ակնեն հայտնվում է դաշտանի ընթացքում հորմոնալ փոփոխությունների արդյունքում, որոնք այդ ընթացքում տեղի են ունենում օրգանիզմում։ Բայց եթե այս երևույթը քրոնիկական է դարձել, հնարավոր է՝ խնդիրը հորմոնալ անհավասարակշռությունն է։
Քնի խանգարումներ։ Պրոգեստերոն հորմոնի մակարդակի նվազումը քնելու հետ կապված խնդիրների ի հայտ գալու պատճառ է դառնում։ Այս հորմոնը թուլացնող ազդեցություն է ունենում, իսկ երբ դրա մակարդակը նվազում է, սկսում ենք սթրես և անհանգստություն զգալ։
Սովի մշտական զգացում։ Ուտելու մշտական ցանկությունը մեծ խոչընդոտ է ավելորդ քաշից ազատվելու գործում։ Հաճախ այդ զգացումը պայմանավորված է հորմոնալ անհավասարակշռությամբ։ Քնի խանգարման դեպքում բարձրանում է գրելին հորմոնի մակարդակը, ինչը մեծացնում է սովի զգացումը։
Տրամադրության անկում և դեպրեսիա։ Կանանց մեծ մասի մոտ տրամադրության անկումներ լինելում են դաշտանից առաջ, հղիության ընթացքում։ Այդ ընթացքում օրգանիզմում տեղի ունեցող հորմոնալ փոփոխությունները մեծացնում են դեպրեսիայի և այլ բացասական զգացումների զարգացման հավանականությունը։ Այլ իրավիճակներում ամեն ինչ առավել հանգիստ և օբյեկտիվ կընկալվեր, բայց հորմոնները թելադրում են իրենցը։
Գլխացավ և միգրեն։ Դաշտանային ցիկլի ընթացքում հորմոնալ ծանրաբեռնվածությունը հանգեցնում է անհանգստացնող գլխացավերի և միգրենի։ Եթե սա մշտական վիճակ է դարձել, գերադասելի է խորհրդակցել մասնագետի հետ՝ ցավի հստակ պատճառը հասկանալու համար։
Հեշտոցային չորություն։ Սա վկայում է էստրոգեն հորմոնի մակարդակի խանգարման մասին։ Սա ոչ միայն մեծացնում է վարակների առաջացման հավանականությունը, այլև բացասաբար է ազդում սեռական կյանքի վրա։
Նյութափոխանակության խնդիրներ։ Կորտիզոլը կամ սթրեսի հորմոնն օրգանիզմում որոշակի ֆիզիկական ռեակցիաներ է առաջացնում։ Մարդկանց մի մասի մոտ կարող են գլխացավեր առաջանալ, ոմանց մոտ՝ տրամադրության անկումներ։ Երբեմն խնդիրը հասնում է նաև որովայնին, և մի շարք խնդիրներ են առաջանում կապված նյութափոխանակության հետ։ Առաջանում է բորբոքում, ցավ, փորկապություն։
Մշտական հոգնածություն։ Հոգնածության զգացումը նորմալ է, եթե շատ ակտիվ կյանք են վարում, աշխատում և նյարդայնանում։ Բայց սովորական հոգնածությունը չի կարելի շփոթել քրոնիկականի հետ, քանի որ այն կարող է կապված լինել վահանաձև գեղձի հորմոնների անբավարար քանակի հետ։ Այս վիճակը կոչվում է հիպոթիրեոզ։
Կաթնագեղձերի փոփոխություններ։ Էստրոգենի բարձր մակարդակը մեծացնում է կրծքի զգայունությունը, ինչի արդյունքում նույնիսկ սովորական հպումը կարող է տհաճ և ցավոտ լինել։
Սեռական ցանկության բացակայություն։ Սովորաբար սա տեղի է ունենում էստրոգենի ցածր մակարդակի պատճառով։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը