«Հիմա դուք ուզում եք նաև հերքել նախագահի ելույթը». Էդմոն Մարուքյանը՝ փոխոստիկանապետին
2018 թվականի պետական բյուջեի նախագծով ՀՀ կառավարությանն առընթեր Ոստիկանությանը տրամադրվելու է 41.6 միլիարդ դրամ, որը 544 միլիոնով պակաս է 2017 թվականի հատկացումներից:
Ազգային ժողովում ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը ներկայացրեց, թե ինչ ուղղություններով է Ոստիկանությունը 2018-ին աշխատելու:
Զեկույցից հետո «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն աննախադեպ գնահատեց փոխոստիկանապետի զեկույցը. «Դուք շատ մանրամասն ներկայացրեցիք՝ Ոստիկանությունն ինչպես է զարգանալու, և դրա մեջ նաև կար բացահայտում: Երկար ժամանակ մենք սպասում ենք կառավարության մասին օրենքին, դեռևս չկա օրենքի նախագիծը, կա իրականացված Սահմանադրական բարեփոխումների այն հայտարարությունը, որ Հայաստանն անցնում է խորհրդարանական կառավարման, և այլևս չեն լինելու կառավարությանն առընթեր մարմիններ, և բոլոր մարմինները հաշվետու են լինելու խորհրդարանին:
Դուք ձեր զեկույցում նշեցիք, որ զարգացման ծրագրում նախատեսում եք Ոստիկանություն, որը ենթակա է վարչապետին, այսինքն՝ վարչապետին ենթակա մարմին: Այսինքն՝ ոչ մեկը չի պատրաստվում կառավարությանն առընթեր մարմինները դարձնել նախարարություններ, որոնք հաշվետու են խորհրդարանին»:
Վ. Եղիազարյանն ասաց, որ սա ծրագրային դրույթ չէ, սա ուղղակի այն տեսլականն է, որ իրենք տեսնում են. «Սահմանադրության մեջ ամեն ինչ հստակ գրված է, որ կան և՛ նախարարություններ, և՛ կառավարությանն առընթեր մարմիններ, և՛ վարչապետին ենթակա մարմիններ»:
Է. Մարուքյանը նաև նկատեց, որ 2017 թվականին Ոստիկանության բյուջեն ավելացել էր մոտ 500 միլիոնով, այսինքն՝ հիմա մենք հետ ենք գնում 2016 թվականի իրավիճակին.
«Տարեցտարի Ոստիկանության բյուջեն ավելացել է, բայց մեր քաղաքացիները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները տրված գումարին համարժեք ծառայությունները չեն ստացել: Մենք ունենք իրավիճակ, որ Ոստիկանությունը պոստ ֆակտում գործ է արել, իսկ կանխարգելման առումով ոչինչ չի արել»:
«Ես երբևէ չեմ հիշում, որ Ոստիկանության բյուջեն ավելացել է, տարեցտարի գրեթե նույն թվերն է եղել, կտրուկ տատանումներ չեն եղել»,- արձագանքեց Վ. Եղիազարյանը:
Նա համաձայն չէ, որ բարելավում չկա. «Իսպառ մոռացվել է հանցագործությունների թաքցնելու հանգամանքը: Ոստիկանության կողմից մատուցվող ծառայությունները անհամեմատ բարելավվել են: Էլ ոչ մեկը չի ասում, որ Ոստիկանությունում խոշտանգումներ են լինում, և այլն»:
Է. Մարուքյանն այսպես արձագանքեց փոխոստիկանապետի պարզաբանմանը. «Որ մարդկանց ծեծելը նվազել է, պետք է ելույթ ունենանք, ասենք՝ մարդկանց քիչ եք ծեծում, լա՞վ եք աշխատում: Եվ նախագահի ելույթում Ոստիկանության կոլեգիայի ժամանակ հերթով նշված էր այն խնդիրները, որոնք կան, հիմա դուք ուզում եք նաև հերքել այդ ելույթը: Եթե Ոստիկանությունը չդարձավ նախարարություն, մենք որևէ զարգացում չենք ունենալու»: