«Հենց այնպես հանրապետության նախագահը թվերի մասին չէր խոսի». Հրանուշ Հակոբյան
«Եթե նախագահը հայտարարել է, ուրեմն դրան համապատասխան նաև հաշվարկներ, մոտեցումներ արդեն արվել են: Ինքս ժողովրդագրությամբ չեմ զբաղվում, մասնագետները հաշվարկել ու ճշգրտել են, հենց այնպես հանրապետության նախագահը թվերի մասին չէր խոսի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը` պատասխանելով հարցին, թե որքանո՞վ է իրատեսական, որ մինչև 2040 թ. Հայաստանի բնակչության թիվը կկազմի 4 մլն:
Ըստ նրա` 2018 թվականի համար կառավարությունը նախատեսել է հայրենադարձության աշխատանքներ, հատկապես` մասնագետների հայրենադարձության, մշակելու են հայեցակարգ, հայրենադարձության մասին օրենք:
«Մենք պետք է կարողանանք Հայաստանի հնարավորությունները ներկայացնել, թե ինչ կարող ենք իրենց առաջարկել, ինչպիսի մասնագետների կարիք ունենք, որոնց պետք է հրավիրենք, պայմաններ ստեղծենք: Եթե նրանք այն մասնագետներն են, որոնք պետք են Հայաստանին, ապա պետք է մտածել նրանց համապատասխան աշխատավարձ տալու, պայման ստեղծելու մասին, որ մարդը գա: Միայն հայրենասիրության դրդմամբ գալը չի լինի հայրենադարձություն»,- ասաց Հ.Հակոբյանը` հավելելով, որ արտագաղթի հետ միաժամանակ հազարավոր մարդիկ վերադառնում են հայրենիք: Նա օրինակ բերեց «Առավոտ լուսո», «Մերոնք» ծրագրերը, որ ամեն օր հայրենադարձների են ներկայացնում:
«Ամիսներ առաջ ես հրավիրեցի հայրենադարձ մարդկան, հանդիպեցի նրանց, հետ, 120 հոգի եկան: Ես ինչ ասեմ, ավելի շատ սպասում էի, որ պետք է բողոքեն, բայց ի զարմանս ինձ, նրանք բոլորը հարմարվել էին: Ասում էին՝ հայրենիքում և’ թերություններն են մերը, և’ առավելությունները: Հայրենիքի առավելություններից ամենակարևորը իրենք շեշտում էին, որ այստեղ անվտանգ է, կայուն է, որ դպրոցում իր երեխային չի սպառնում թմրամոլությունը, այլասերումը: Հայրենադրձության վկան այն 22 հազար սիրիահայերն են, ովքեր չգնացին Շվեդիա կամ Կանադա, Լիբանան կամ Թուրքիա, հաստատվեցին Հայաստանում: Սիրիահայերը կարողացան Հայաստանում բիզնես դնել, գործ անել, այսինքն՝ ցանկության դեպքում, միշտ էլ կարելի է գործ գտնել»,- ասաց նախարարը:
Հայաստան-Սփյուռք համաժողովում սփյուռքահայերի հնչեցրած դժգոհությունների կապակցությամբ Հ. Հակոբյանը հայտարարեց, որ բողոքողներից Զարեհ Պալյանի հայտարարությունները ճիշտ չէին` նա այստեղ չորս բիզնես չի դրել, այլ ընդամենը մեկ ընկեր է ունեցել, գումար է տվել նրան, իսկ ընկերը գնացել է Վրաստան կամ Ռուսաստան, և ինքն այդ ընկերոջը չի գտնում. «Հիմա ինքը մեզ նամակ է գրում, ասում է՝ այդպես չէ, ինձ սխալ են հասկացել: Հիմա մենք էլ ասացինք՝ հարցեր կուղարկենք, պատասխանեք, որ պարզ լինի: Մեկ կամ երկու օրինակով չի կարելի պատկերացում կազմել»: