«Գյուղատնտեսական մթերքների վերամշակումը և պարենային ապրանքների արտահանումը կարևոր նշանակություն ունեն նաև Հայաստանի տնտեսության զարգացման համար». Սերժ Սարգսյան

Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիի հրավերով աշխատանքային այցով Հնդկաստան ժամանած նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Նյու Դելիում մասնակցել է «Համաշխարհային պարեն. Հնդկաստան-2017» համաժողովի լիագումար նիստին և նույն խորագրով միջազգային սննդարդյունաբերության ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը, որին ներկա են ավելի քան 20 երկրից մոտ 2000 մասնակից: Համաժողովում Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով:

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը «Համաշխարհային պարեն. Հնդկաստան-2017» համաժողովում

«Ձերդ Գերազանցություն պարո՛ն վարչապետ,
Մեծարգո՛ նախարարներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Նախ թույլ տվեք ջերմորեն շնորհավորել Հնդկաստանի ժողովրդին և մասնավորապես՝ հարգարժան վարչապետ Մոդիին՝ այս տպավորիչ ֆորումը կազմակերպելու համար, ինչպես նաև շնորհակալություն հայտնել այս միջոցառմանը մասնակցելու հրավերի համար։ Հաջողություն եմ մաղթում ցուցահանդեսի բոլոր մասնակիցներին:

Համաժողովի մասնագիտական և աշխարհագրական բազմազանությունը վկայում է համաշխարհային պարենային շուկայում Հնդկաստանի ունեցած ծանրակշիռ ներուժի և դերակատարության մասին, որը ձեռք է բերվել անկախության 70 տարիների արդյունավետ աշխատանքի շնորհիվ։ Օգտվելով առիթից՝ սրտանց շնորհավորում եմ Հնդկաստանի բարեկամ ժողովրդին այդ պատմական հոբելյանի կապակցությամբ։

Հատկանշական է, որ հազարամյակների պատմություն ունեցող Հնդկաստանին այս կարճ ժամանակահատվածում հաջողվել է տպավորիչ արդյունքներ արձանագրել երկրի քաղաքական և սոցիալ-տնտեսական զարգացման գործում՝ դառնալով համաշխարհային տնտեսության գլխավոր շարժիչ ուժերից մեկը։

Որպես Հնդկաստանի բարեկամ երկիր՝ Հայաստանում ուրախությամբ արձանագրում ենք, որ բարեփոխումների և հետևողական աշխատանքի շնորհիվ Հնդկաստանն այժմ ոչ միայն ապահովում է իր պարենային ինքնաբավությունը, այլև դարձել է համաշխարհային սննդարդյունաբերության շուկայի ճանաչված առաջատարներից՝ լինելով գյուղատնտեսական մի շարք ապրանքների մասով աշխարհի հիմնական արտադրող և արտահանող։

Այդ մասին վկայում է այս ցուցահանդեսը, որն անխոս, սննդի արդյունաբերության ոլորտում Հնդկաստանի կուտակած փորձի փոխանակման, նոր շուկաների բացահայտման և գործընկերների հետ համագործակցության հաստատման լավագույն հարթակ է հանդիսանում:

Գյուղատնտեսական մթերքների վերամշակումը և պարենային ապրանքների արտահանումը կարևոր նշանակություն ունեն նաև Հայաստանի տնտեսության զարգացման համար։
Հայ արտադրողներն ավանդական փորձի և ժամանակակից տեխնոլոգիաների համատեղման արդյունքում մրգերի և բանջարեղենի վերամշակման գործում կուտակել են մեծ դրական փորձ, որի արդյունքում արտաքին շուկաներում հայկական սննդարդյունաբերական արտադրանքի հանդեպ պահանջարկն անշեղորեն աճում է։ Մեր գործարարներն առաջին քայլերն են ձեռնարկում դրանք նաև հնդկական շուկայում ներկայացնելու ուղղությամբ։

Հեռանկարային ենք համարում նաև սննդի արդյունաբերության ոլորտում Հնդկաստանի գործարարներին հայկական որոշ ապրանքատեսակների արտադրության փորձի փոխանցման շուրջ համագործակցությունը, ինչը հնարավորություն կտա ոչ միայն մեծացնել մրգերի և բանջարեղենի վերամշակման արդյունավետությունը և նոր շուկաներում ներկայացվածությունը, այլև ստեղծել նոր արտադրություններ, ձևավորել նոր աշխատատեղեր։

Տնտեսական համագործակցության ակտիվացման համար նպաստավոր եմ համարում հայ-հնդկական համագործակցության ծավալումը նաև բազմակողմ ձևաչափով` հաշվի առնելով, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր է, ինչպես նաև Եվրոպական միության հետ ունի արտոնյալ առևտրային ռեժիմ: Հայաստանում ձեռնարկատիրական գործունեություն ծավալող գործարարները հնարավորություն ունեն օգտվելու այն բարենպաստ պայմաններից, որոնք առաջարկում է Հայաստանը:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Մենք ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, երբ բազմաթիվ խնդիրներ պահանջում են համատեղ և համապարփակ լուծումներ: Այդպիսի խնդիրներից է օրինակ՝ պարենային ապահովությունը: Հայաստանը 2015թ. սեպտեմբերին կայացած՝ ՄԱԿ-ի Կայուն զարգացման գագաթնաժողովում ընդունել է Կայուն զարգացման հռչակագիրը և օրակարգը, որտեղ 17 նպատակներից մեկը պարենային ապահովությունն է, ինչպես նաև գյուղատնտեսության կայուն զարգացման խթանումը:

Հայաստանը հետևողականորեն աշխատում է այս նպատակներին հասնելու համար, և թե՛ ներքին քաղաքականության իրականացման, թե՛ ճկուն արտաքին տնտեսական քաղաքականության շնորհիվ մենք տարիներ շարունակ հաջողություններն ենք գրանցում դրանց հասնելու ուղղությամբ:

Ավարտելով խոսքս՝ թույլ տվեք մեկ անգամ ևս հաջողություն մաղթել վարչապետ Մոդիի կառավարությանը ձեռնարկված խոստումնալից բարեփոխումների և ծրագրերի կյանքի կոչման գործում, իսկ ֆորումի մասնակիցներին ՝ արգասաբեր աշխատանք։
Շնորհակալ եմ ուշադրության համար։

Տեսանյութեր

Լրահոս