Ինչպես են խաբել Իրանի քաղաքացուն. մեղադրանք է առաջադրվել՝ խոշոր չափերի գումար հափշտակելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են ԻԻՀ քաղաքացուց խոշոր չափերի գումար հափշտակելու հանգամանքները: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի բնակչին:
Նախնական քննության տվյալներով՝ 2017թ. հունիսի վերջերին 34-ամյա տղամարդը Երևան քաղաքում ծանոթացել է ազգությամբ պարսիկ, ԻԻՀ քաղաքացու հետ և, տիրապետելով պարսկերենին, պայմանավորվածություն ձեռք բերել` վերջինիս թարգմանչական ծառայություններ մատուցելու շուրջ: Մեծ քանակությամբ գառներ գնելու նպատակով 2017թ. օգոստոսի կեսերին ԻԻՀ քաղաքացին 34-ամյա տղամարդու հետ մեկնել է Ջերմուկի սարեր, որտեղ գնել է 1040 գլուխ գառ, այնուհետև Արարատի մարզի բնակչի հետ պայմանավորվել՝ այլ անձանցից ևս գառներ գնելու շուրջ:
2017թ. օգոստոսի 22-ին ԻԻՀ քաղաքացին Վայք քաղաքում 34-ամյա տղամարդու միջոցով 3 մլն ՀՀ դրամ է փոխանցել Արարատի մարզի բնակչին՝ որպես կանխավճար: Սակայն որոշ ժամանակ անց, քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, 34-ամյա տղամարդը Արարատի բնակչին հայտնել է, թե ԻԻՀ քաղաքացին այլևս չի ցանկանում նրա միջնորդությամբ գառներ գնել և հետ պահանջել գումարը՝ նրան վերադարձնելու համար։
Միջնորդը վերադարձրել է որպես կանխավճար վճարված 3 մլն ՀՀ դրամը, ինչը, սակայն, 34-ամյա տղամարդը չի փոխանցել ԻԻՀ քաղաքացուն՝ այդպիսով խարդախությամբ հափշտակելով այն:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: