Բաժիններ՝

Նույնականացման քարտը ձևակերպված է քաղաքացու մահացած եղբոր անհատական տվյալներով. քրեական գործեր են հարուցվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են քննվում ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ ստացված հաղորդումների հիման վրա:

Այսպես, Երևան քաղաքի բնակիչ Վ. Ծատրյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ 16.07.2017թ.-ին Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի բնակիչը գերեզմանատան տարածքում հանդիպել է իրեն և 2500 ԱՄՆ դոլար պարտքի դիմաց` իր կամքին հակառակ, քշել-տարել է իրեն պատկանող «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան: Վ. Ծատրյանը միաժամանակ հայտնել է, որ նշված դեպքի վերաբերյալ հաղորդում տալու նպատակով գնացել է ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Մեղրիի բաժին և հանդիպել հիշյալ բաժնի պաշտոնատար անձին, սակայն վերջինս հորդորել է հանցագործության մասին հաղորդում չտալ և վստահեցրել, որ անձնական կապերի միջոցով կվերադարձնի ավտոմեքենան, սակայն մինչ օրս խոստումը չի կատարել:

Ինքնիրավչության և ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքերի առթիվ քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ և 308-րդ հոդվածների 1-ին մասերով: Ինքնիրավչության դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն` քննչական ենթակայության հարցը լուծելու համար, իսկ պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարվում է նախաքննություն:

Ծառայությունում քննվող մեկ այլ քրեական գործի նյութերի համաձայն` 18.08.2017թ.-ին ՀՀ ոստիկանության ԱՎՎ Արթիկի անձնագրային բաժանմունք է դիմել Շիրակի մարզի բնակիչ Վ. Ֆիդանյանը` նույնականացման քարտի կորստյան կապակցությամբ ՀՀ քաղաքացու անձնագրով փաստաթղթավորվելու խնդրով: Հետագայում վերջինս ստացել է նույնականացման նոր քարտ, սակայն կեղծ տվյալներով: Մասնավորապես, ուսումնասիրությամբ պարզվել է, որ Վ. Ֆիդանյանին տրված նույնականացման քարտը ձևակերպված է եղել վերջինիս մահացած եղբոր անհատական տվյալներով:

ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու վերը նշված դեպքի առթիվ Շիրակի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս