
Ավակովը Պորոշենկոյի հետ ընդհարվել է որդու ձերբակալման պատճառով

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի և երկրի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի միջև ընդհարում է տեղի ունեցել: Այդ մասին հայտնել է Կիևի LIGA.net պորտալը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Վեճի պատճառը, հրատարակության զրուցակցի խոսքով, դարձել է ՆԳ նախարարի որդու՝ Ալեքսանդր Ավակովի ձերբակալությունը: Նշվում է, որ պետության ղեկավարի և ներքին գործերի նախարարի խոսակցությունը թեժ է եղել: «Ավակովը, որը միանգամայն համոզված է, որ իր որդու ձերբակալության հետևում կանգնած է անձամբ պետության ղեկավարը, բացատրություններ է պահանջել:
Պորոշենկոն ի պատասխան հավաստիացրել է, որ ոչ մի առնչություն չունի տեղի ունեցածի հետ: Դեռ ավելին՝ նախագահն աջակցություն է հայտնել նախարարին, ասել է, որ այդ ամենը «սադրանք» է, և ինքն անկեղծորեն «վրդովված» է դրանից»,- ասված է պորտալի հաղորդագրության մեջ: Ալեքսանդր Ավակովին ձերբակալել են հոկտեմբերի 31-ին: Հետաքննչական գործողություններն անցկացվել են այսպես կոչված ուսապայուսակների գործի հետաքննության շրջանակներում: