Նյու Յորքի ահաբեկչությունը. նկարահանվել են առաջին րոպեները և մարդասպանի կալանումը
Հոկտեմբերի 31-ին Նյու Յորքում չարագործը բեռնատար-պիկապով մեծ արագությամբ մի քանի թաղամաս է անցել հեծանվորդների համար առանձնացված գոտիով, որը ավտոճանապարհից բաժանված է արգելապատնեշով, եւ վրաերթի ենթարկել բոլոր նրանց, ովքեր հանդիպել են իր ճանապարհին: Չարագործը բախվել է դպրոցական ավտոբուսին, ինչից հետո մեքենան կանգ է առել:
Երբ տղամարդը զենքը ձեռքին դուրս է եկել վարորդական խցիկից, ոստիկանությունը կրակ Է բացել նրա վրա՝ վիրավորելով որովայնի շրջանում: Նրան տեղափոխել են հիվանդանոց։ Ահաբեկչության հետեւանքով զոհվել է ութ մարդ, առնվազն 12 հոգի վերքեր են ստացել: Իշխանությունները նշում են, որ տղամարդը գործել է կանխամտածված, եւ տեղի ունեցածը որակել են ահաբեկչական գործողություն:
Ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրների, հայտնել են, որ ահաբեկչությունը կատարել է Ուզբեկստանից սերված 29-ամյա Սայֆուլլո Խաբիբուլայի Սաիպովը: CNN-ի տվյալներով՝ նա ԱՄՆ է ժամանել 2010 թվականին եւ ապրում էր Ֆլորիդայի նահանգի Թամպա քաղաքում: