
Կարեն Կարապետյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերել է իր մեկ տարվա աշխատավարձը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ նոյեմբերի 1-ին, այցելեց «Հայաստան» համահայկական հիմնադրամ: Ամենամյա հեռուստամարաթոնին ընդառաջ, որն այս տարի տեղի կունենա նոյեմբերի 23-ին, վարչապետը ծանոթացավ հիմնադրամի 25-ամյա գործունեությանը, իրականացրած ծրագրերին:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանն ասաց, որ վարչապետն առաջին անգամ է այցելում հիմնադրամ. «Նա հիմնադրամի խորհրդի անդամ է։ Հարգարժան վարչապետը հիմնադրամում էր մեր հրավերով, ինչի համար շատ շնորհակալ ենք: Նախ` ներկայացրեցի բոլոր այն ծրագրերը, որոնք իրականացնում ենք, և նախատեսվող ծրագրերը: Մեզ համար անակնկալ, երբ մենք ֆինանսական բաժնում էինք, ուր սովորաբար արվում է նվիրատվություն, վարչապետը հայտարարեց, որ այս դրամահավաքին նա մեզ նվիրաբերում է իր մեկ տարվա աշխատավարձը, որը 10 միլիոն դրամից մի քիչ ավելի է»։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնն այս տարի կկայանա նոյեմբերի 23-ին: Այս տարվա հանգանակություններն ուղղվելու են Արցախի ոռոգման համակարգի կառուցմանը: