
Պուտինը ժամանել է Թեհրան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Թեհրան՝ հանդիպելու Իրանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը: Պլանավորվում է, որ Պուտինն իր այցը կսկսի Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ զրույցով: Այնուհետեւ բարձր մակարդակի ռուս-իրանական բանակցությունները կշարունակվեն երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ, ինչից հետո ՌԴ նախագահը հանդիպում կանցկացնի Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեիի հետ:
Օրվա երկրորդ կեսին Իրանի մայրաքաղաքում մեկնարկում է Ռուսաստան-Իրան-Ադրբեջան եռակողմ գագաթնաժողովը. Պուտինին եւ Ռոուհանիին կմիանա Իլհամ Ալիեւը: Հանդիպման ավարտից հետո երեք ղեկավարները հանդես կգան համատեղ հայտարարությամբ:
Ինչպես սպասվում է, ՌԴ նախագահի աշխատանքային այցը կավարտվի Ալիեւի հետ զրույցով: Պուտինը վերջին անգամ Իրան էր ժամանել 2015 թվականի նոյեմբերին, իսկ եռակողմ ձեւաչափով հանդիպումն անցյալ տարվա աշնանը տեղի է ունեցել Բաքվում: