Բաժիններ՝

«Այս պահին գոնե անհրաժեշտ է Տավուշի և Լոռու մարզերում ունենալ մարզային բաժիններ». Արման Թաթոյան

2018 թվականի պետական բյուջեի նախագծով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համար նախատեսվել է 298 միլիոն 385 հազար դրամ: Այսօր Ազգային ժողովում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց, որ ծախսերի հիմնական մասը՝ 78 տոկոսը, աշխատավարձն է:

Նա նկատեց, որ եկող տարվա ընթացքում նախատեսված են բացառապես ՏԻՄ ընտրություններ: Մյուս տարի 32 համայնքներում տեղի կունենա ՏԻՄ հերթական և արտահերթ ընտրություններ:

2018 թվականի բյուջեի նախագծով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին տրամադրվելու է 368 միլիոն դրամ:

ՄԻՊ Արման Թաթոյանը նշեց, որ բյուջեի կազմումը և պլանավորումը պայմանավորված է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» նոր օրենքի ընդունմամբ, և, բնականաբար, դրանով պայմանավորված նոր գործառույթներով և խնդիրներով:

Նա նաև նշեց, որ զգալիորեն ընդլայնվել են ՄԻՊ-ի հնարավորությունները՝ կապված Սահմանադրական դատարան դիմելու հետ:

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վահե Էնֆիաջյանն ասաց, որ պարզ է, որ 2018 թվականին ՀՀ բոլոր 10 մարզերում ՄԻՊ-ի ինստիտուտը տեղակայված չի լինելու. «Ե՞րբ հնարավոր կլինի ՄԻՊ-ի ներկայացուցչությունը բոլոր մարզերում ապահովել»:

Ի պատասխան՝ Ա. Թաթոյանն ասաց. «Ես համար մեկ շահագրգիռ անձն եմ, որ ներկայացուցչություններ ունենանք բոլոր մարզերում: Գոնե ուզում ենք՝ այս փուլում գործող մարզերում աշխատակազմի հնարավորություններն ուժեղանան, և փորձում ենք այնպես անել, որ մարզը գոնե ծածկի հարակից մարզերը: Այս պահին մենք ունենք 3 մարզային ստորաբաժանում, հաստիքային ավելացումներ ենք արել, և այն մարզերում հատկապես ուժեղացում արեցինք, որտեղ  կան մեծ թվով քրեակատարողական հիմնարկներ, հոգեբուժարաններ, և այլն: Ես կարծում եմ՝ այս պահին գոնե անհրաժեշտ է Տավուշի և Լոռու մարզերում ունենալ մարզային բաժիններ՝ էլի հաշվի առնելով թվաքանակը և աշխատանքի ծավալները: Ինձ համար ամենակարևոր բաներից է՝ բոլոր մարզերում ունենալ բաժիններ, բայց  այս պահին ըստ հնարավորությունների շարժվում ենք առաջ»:

Ա. Թաթոյանն ընդգծեց, որ խնդիրն առաջին հերթին՝ ֆինանսական է, բայց նաև կադրային է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս