Ուզբեկստանի նախագահը Թրամփին խոստացել է օժանդակել Նյու Յորքի ահաբեկչության հետաքննությանը
Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոեւը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին ցավակցություն է հայտնել Նյու Յորքում իրականացված ահաբեկչական գործողության կապակցությամբ եւ խոստացել է աջակցել այդ հանցագործության հետաքննությանը, որի կատարման մեջ կասկածվում է Ուզբեկստանից սերված անձը: Այդ մասին ասված է Ուզբեկստանի ղեկավարի՝ Թրամփին հասցեագրված ուղերձում, որը հրապարակված է երկրի արտաքին գործերի նախարարության կայքում:
«Այդ անողոք ու դաժան հանցագործությունը ոչ մի արդարացում չունի»,-նշել է Միրզիյոեւը: «Ուզբեկստանն իր կողմից պատրաստ է գործի դնել բոլոր ուժերն ու միջոցները այդ ահաբեկչական գործողության հետաքննությանն օժանդակություն ցուցաբերելու համար»,-հայտարարել է Միրզիյոեւը:
Նյու Յորքում հոկտեմբերի 31-ին Ուզբեկստանից սերված չարագործի կողմից ավտոմեքենայով կատարված վրաերթի զոհ է դարձել ութ մարդ, առնվազն 12 հոգի վերքեր են ստացել: Իշխանությունները նշում են, որ տղամարդը գործել է կանխամտածված, եւ տեղի ունեցածը որակել են ահաբեկչական գործողություն: Ոստիկանության տվյալների համաձայն՝ ահաբեկիչը բեռնատար-պիկապով, որը վարձակալել էր շինարարական նյութերի առեւտրով զբաղվող Home Depot ցանցում, մեծ արագությամբ մի քանի թաղամաս է անցել հեծանվորդների համար առանձնացված գոտիով, որը ավտոճանապարհից բաժանված է արգելապատնեշով, եւ վրաերթի ենթարկել բոլոր նրանց, ովքեր հանդիպել են իր ճանապարհին: Չարագործը բախվել է դպրոցական ավտոբուսին, ինչից հետո մեքենան կանգ է առել: Երբ տղամարդը զենքը ձեռքին դուրս է եկել վարորդական խցիկից, ոստիկանությունը կրակ Է բացել նրա վրա՝ վիրավորելով որովայնի շրջանում: Նրան տեղափոխել են հիվանդանոց:
Պատահարից շատ չանցած ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրների, հայտնել են, որ ահաբեկչությունը կատարել է Ուզբեկստանից սերված 29-ամյա Սայֆուլլո Խաբիբուլայի Սաիպովը: CNN-ի տվյալներով՝ նա ԱՄՆ է ժամանել 2010 թվականին եւ ապրում էր Ֆլորիդայի նահանգի Թամպա քաղաքում: Միեւնույն ժամանակ, Fox News-ի տվյալներով՝ ահաբեկիչը վերջին ժամանակներս հաստատվել էր Նյու Ջերսիի նահանգում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: