
Արցախը պետք է աշխատի այն կառույցների հետ, որոնք կողմ են ազգերի ինքնորոշմանը. Շ. Ռիորդան

Կատալոնիան դեռ չի պարտվել, սակայն իսպանական կառավարությունը շատ լավ վերահսկում է կատալոնացիներին, և արդյունքը տեսանելի կլինի դեկտեմբերի 21-ին՝ ընտրությունների ժամանակ, երբ ձևավորվի կատալոնական կառավարությունը:
Այս մասին հոկտեմբերի 29-ին, Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում ասել է Իսպանիայում բնակվող դիվանագետ Շոն Ռիորդանը: Նա նշել է, որ եվրոպական կառավարությունները օժանդակում են իսպանական կառավարությանը, քանի որ նրանք չէին ցանկանում տարածաշրջանը ապակայունացնել և խզել իրենց հարաբերություններն Իսպանիայի կառավարության հետ:
Հինգ տարի առաջ Կատալոնիային նոր կարգավիճակ շնորհվեց Իսպանիայի կողմից, սակայն այս որոշումը բողոքարկվեց և մերժվեց իսպանական դատարանի կողմից, և այդ մերժումն ու տնտեսական ճգնաժամը ըստ իսպանացի դիվանագետի հիմք հանդիսացան այժմյան իրադարձություններին:
«Դիվանագիտության մեջ երկու կարևոր սկզբունքներ են գործում. դրանք ազգերի ինքնորոշման իրավունքն է և տարածքային ամբողջականությունը: Եվրոպան տեղ է տալիս ազգերի ինքնորոշման իրավունքին, բայց Իսպանիան դեմ է սրան և կողմ է միայն տարածքային ամբողջականությանը»,- ասել է Շ. Ռիորդանը և, այս համատեքստում անդրադառնալով արցախյան հիմնախնդրին, նշել է, որ Արցախը պետք է աշխատի այն կառույցների հետ, որոնք ավելի շատ կողմ են ազգերի ինքնորոշման իրավունքին:
«Արցախն անկախ է, բայց ճանաչված չէ, ի տարբերություն Կատալոնիայի, որն անկախ չէ, բայց ցանկանում է անկախանալ»,- ընդգծել է Շ. Ռիորդանը և հավելել, որ երկու հիմնախնդիրների միջև ինքը սկզբունքային տարբերություններ է տեսնում: