Բաժիններ՝

Թուրքական համալսարանները չեն ընդգրկվել աշխարհի 500 լավագույն համալսարանների ցանկում

Միջին Արևելքի տեխնիկական համալսարանի Ինֆորմատիկայի ինստիտուտի կազմում գործող URAP հետազոտական լաբորատորիան հրապարակել է աշխարհի 2.500 լավագույն համալասրանների ցանկը:

Թուրքական «Timeturk.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ ցանկում տեղ են գտել նաև 86 թուրքական համալսարաններ, սակայն դրանցից ոչ մեկը չի ներառվել լավագույն 500 համալսարանների ցուցակում:

Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ 2009թ. հիմնված «University Ranking by Academic Performance» (URAP) կենտրոնը աշխարհի համալսարանները դասակարգում է ըստ ակադեմիական տարբեր չափանիշների, ինչպիսիք են հոդվածների քանակը, մեկ դասախոսին բաժին ընկնող հոդվածների քանակը, գիտական հրատարակությունների ընդհանուր քանակը, մեկ դասախոսին բաժին ընկնող գիտական հրատարակությունների քանակը, յուրաքանչյուր տարի դոկտորի աստիճան ստացողների թիվը, ուսանողների թիվը, մեկ դասախոսին բաժին ընկնող ուսանողների թիվը:

Աշխարհի լավագույն համալսարանների ցանկում ամենաշատ տեղերը զբաղեցրել է Չինաստանը՝ ցուցակում ընդգրկված իր 376 համալսարաններով: Երկրորդ տեղում ԱՄՆ-ն է՝ 368 համալսարանով, իսկ երրորդ տեղում՝ Ճապոնիան՝ 152 համալսարանով:
Հավելենք նաև, որ 2016-2017թ. ժամանակահատվածի վերաբերյալ կազմված լավագույն համալսարանների ցանկում Թուրքիայից ներառվել էր 76 կրթօջախ: 2015-2016թթ. հրապարակված ցանկում Թուրքիայից լավագույն 500-յակում էին ընդգրկվել Ստամբուլի համալսարանը (487-րդ տեղ) և Միջին Արևելքի տեխնիկական համալսարանը (467-րդ տեղ): 2014-2015թթ. ցանկում Թուրքիան ուներ միանգամից 4 ներկայացուցիչ՝ Միջին Արևելքի տեխնիկական համալսարանը (433-րդ տեղ), Էգեյան համալսարանը (487-րդ տեղ), Ստամբուլի տեխնիկական համալսարանը (488-րդ տեղ), Ստամբուլի համալսարանը (489-րդ տեղ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս