
«ԱԺ-ում պայմաններ են ստեղծվելու, որ լրագրողները միջացքներում ընկճված չնստեն». Արա Սաղաթելյան

Այսօր Ազգային ժողովում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը հետաքրքրվեց, թե կոնկրետ ի՞նչ պետք է արվի լրագրողների աշխատանքն ԱԺ-ում ավելի արդյունավետ դարձնելու համար:
Ի պատասխան՝ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանն ասաց, որ ծրագրում են լրագրողների համար ստեղծել երկու լրացուցիչ միջավայր. «Այսինքն՝ Ազգային ժողովում կհատկացվեն առանձին տարածքներ՝ ժամանակակից տեխնիկայով և օդորակիչներով հագեցած, որտեղ կլինի նորմալ ինտերնետ, համակարգիչներ, պատշաճ աշխատանքային պայմաններ, և այլն, այսինքն՝ ժամանակակից մեդիամիջավայր, որտեղ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողը կարող է աշխատել, դիտել հանձնաժողովների և ԱԺ նիստերը, այլ ոչ թե՝ միջանցքում ընկճված նստել»:
«Կարծում եմ՝ Ձեր մեկնաբանությունից հետո ոչ մի լրագրող այլևս ընկճված միջանցքում չի նստի»,- կատակեց Մ. Եսայանը: ԱԺ Պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն էլ շարունակեց կատակել. «Ընդհանրապես որտե՞ղ եք ընկճված լրագրող տեսել»: