Վերահսկողական ծառայությունը, Հանրային խորհրդի աշխատակազմը, Անվտանգության խորհրդի քարտուղարությունը դուրս են գալիս նախագահականի տիրույթից
ՀՀ նախագահի աշխատակազմին տրամադրվող միջոցները 2018 թվականին կկրճատվեն: Այսօր 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանն ասաց, որ, եթե 2017 թվականի պետական բյուջեի նախագծով ՀՀ նախագահի աշխատակազմին տրամադրվող ծախսերը նախատեսված էր 4 միլիարդ 880 միլիոն դրամ, իսկ հաջորդ տարվա համար նախատեսվում է տրամադրել 2 միլիարդ 381 միլիոն դրամի չափով գումար:
Ա. Գևորգյանն ասաց, որ լինելու են նաև փոփոխություններ ծրագրերի իրականացման հարցում, և որոշակի ծրագրեր նախագահի մասով չի նախատեսվելու բյուջեում, մասնավորապես՝ տեղեկատվական ՊՈԱԿ-ի գործունեության հիմնախնդիրները, ինչպես նաև Պետական կառավարման ակադեմիայի հետ իրականացվող ծրագրերն անցնելու են կառավարության տիրույթ:
Նա նաև ընդգծեց, որ ՀՀ նախագահի աշխատակազմի համար նախատեսված չեն շինարարության և հիմնանորոգման միջոցներ. «2018 թվականի համար կանխատեսվող ցուցանիշները մոտավորապես 35-70 տոկոսով նվազել են 2017 թվականի համեմատ՝ կապված լիազորությունների վերաբաշխման հետ»:
«Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց, թե աշխատակազմն ի՞նչ է լինելու ապրիլի 9-ից հետո, և քանի՞ հոգի է աշխատելու այդ ժամանակ աշխատակազմում:
Ի պատասխան՝ Ա. Գևորգյանն ասաց. «Մասնավորապես՝ այս տարի մենք արդեն երկու անգամ կրճատումներ ենք իրականացրել նախագահի աշխատակազմի աշխատողների թվաքանակի՝ հենց այդ հանգամանքը հաշվի առնելով: Տարին սկսվել է մոտ 410 աշխատակիցներով, հունիսի 1-ից կրճատել ենք մինչև 385, hոկտեմբերի 1-ից սահմանվել է 330 աշխատակից: Նախագիծը, որը ներկայացվել է, մշակվել է օգոստոս ամսին, այսինքն՝ հիմք է ընդունվել 385 թիվը՝ մինուս այն ստորաբաժանումները, որոնք ակնհայտորեն պետք է բացակայեն նախագահի աշխատակազմում՝ Վերահսկողական ծառայություն, Հանրային խորհրդի աշխատակազմ, Անվտանգության խորհրդի քարտուղարություն, և այլն: Մենք ենթադրում ենք, որ մոտավորապես 120-130-ով ևս պետք է նվազի ՀՀ նախագահի աշխատակազմը: Մաքսիմում թիվն աշխատակազմում կարող է լինել 200, որը, գտնում ենք՝ ևս նվազելու տեղ ունի»:
Խոսելով աշխատակիցների ապագայի մասին՝ Ա. Գևորգյանն ասաց, որ իրենք փորձում են թափուր կամ չօգտագործվող պաշտոնները կրճատել, իսկ այն աշխատակիցները, որոնք գործող մասնագետներ են, մի մասը թոշակի է անցնում, մի մասն անցնում է կադրերի ռեզերվ: