Ուրախ եմ տեղեկացնել, որ ադրբեջանցի պաշտոնյաները կարդում են իմ հոդվածները և հետևում իմ խորհուրդներին
Դեռևս 2013 թ. օգոստոսին ես մի հոդված էի գրել՝ «Արցախ այցելողների Բաքվի սև ցուցակը օգտակար է Հայաստանին, վնասակար՝ Ադրբեջանին» վերնագրով, լուսաբանելով ադրբեջանցի պաշտոնյաների տխմարությունը՝ մարդկանց սև ցուցակում ընդգրկելու համար, որոնք առանց Ադրբեջանի թույլտվության այցելում են Արցախ: Ես ընդգծել էի, որ աշխարհի տարբեր երկրներից Արցախ այցելողներին սև ցուցակում ներառելը, առաջին հերթին վնաս է հասցնում Ադրբեջանի շահերին, քանի որ սև ցուցակը մեկուսացնում է Ադրբեջանը մնացած աշխարհից… Փաստորեն, որքան սև ցուցակում շատ է մարդկանց թիվը, որոնցից շատերը հայտնի անձինք և բարձրաստիճան պաշտոնյաներ են, այնքան ավելի շատ է Ադրբեջանն իրեն զրկում նման կարևոր այցելուներից:
2013 թ. իմ հոդվածում, մի քանի հայտնի անձանց անուններ մեջբերելուց հետո, որոնք ծաղրել էին Ադրբեջանի կողմից սև ցուցակում ընդգրկվելու փաստը, ես առաջարկեցի, որ իմ անունը ևս ավելացնեն սև ցուցակում, քանի որ ես նույնպես գնացել էի Արցախ ու հոդված գրել այդ այցի վերաբերյալ: Զարմանալիորեն, իմ առաջարկից կարճ ժամանակ անց, Ադրբեջանի կառավարությունն իմ անունը ավելացրեց սև ցուցակում՝ «Հարութ Սասունյան, հայազգի, սիրիացի-ամերիկացի լրագրող»: Դրանից հետո, ես դարձյալ այցելեցի Արցախ…
Պետք է հավելեմ, որ տարիներ առաջ, երբ հայր Ալիևը Ադրբեջանի նախագահն էր, միջնորդների միջոցով նա ինձ հրավիրել էր Բաքու՝ հանդիպելու իր հետ և քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ Ես, իհարկե, մերժեցի նրա հրավերը: Ես նույնիսկ հրաժարվեցի նախագահ Հեյդար Ալիևի առաջարկից հանդիպելու նրա հետ որևէ երրորդ երկրում, օրինակ Մեծ Բրիտանիայում, եթե չեմ ցանկանում գնալ Ադրբեջան: Ես մերժեցի նաև այդ առաջարկը: Այնպես որ, հիմա, երբ հայտնվել եմ սև ցուցակում, Ադրբեջանի արտգործնախարարությունը իրենց նախագահին զրկել է ինձ Բաքու հրավիրելու հնարավորությունից…
Ադրբեջանի սև ցուցակում ավելի քան 700 անուն կա, ներառյալ խորհրդարանի անդամներ, գործարարներ, լրագրողներ, դերասաններ, ընտրված պաշտոնյաներ և այլ հայտնի անձինք: Արցախի վերջին այցելուն, որը կհայտնվի սև ցուցակում՝ Էնթոնի Բուրդենն է, որը CNN հեռուստաընկերության աշխարհահռչակ խոհարարական հեռուստաշոուի հաղորդավարն է: Անցյալ շաբաթ նա մեկնեց Հայաստանի Հանրապետություն և Արցախ՝ այդ երկու երկրներում հայկական խոհանոցի վերաբերյալ հեռուստածրագրեր պատրաստելու նպատակով, և Ադրբեջանը նրան անմիջապես «պերսոնա նոն գրատա» (անցանկալի անձ) հայտարարեց…
Բուրդենի անունն ավելացվել է սև ցուցակում՝ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հանդեպ իր անհարգալից վերաբերմունքի համար», հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևը «Ֆրանս պրես» գործակալությանը: «Ադրբեջանի գրավյալ տարածքներում խոհարարական շոու նկարահանելը վիրավորանք է մեկ միլիոն ադրբեջանցի փախստականների հանդեպ, որոնց բռնի տեղահանել են իրենց տներից», հավելել է Հաջիևը։ Անիմաստ խոսքեր են։ Միակ բանը, որին ադրբեջանցի պաշտոնյաները հասան՝ Բուրդենի այցի կանխումն էր Ադրբեջան և ադրբեջանական խոհանոցի մասին CNN շոուի կազմակերպումը, որը մեծ գովազդ կլիներ երկրի համար:
Ադրբեջանի սև ցուցակն ունի մի շարք թերություններ.
1) Մինչ օրս ընդամենը 700 անուն է ներառված սև ցուցակում, մինչդեռ տարիներ շարունակ աշխարհի տարբեր երկրներից հարյուր հազարավոր զբոսաշրջիկներ են այցելել Արցախ: Չնայած Արցախի բոլոր այցելուների անունները հանրությանը հայտնի չեն, սակայն, իհարկե, նրանք 700-ից ավելի են։ Պարզվում է՝ Ադրբեջանի ԱԳՆ-ում ինչ-որ մեկը քնած է իր աշխատավայրում։
2) Ինչո՞ւ սև ցուցակում ընդգրկված 700 անունների մեջ չկա Հայաստանի Հանրապետության նույնիսկ մեկ քաղաքացի։ Թեև Ադրբեջանի պաշտոնյաներին հայտնի չեն Հայաստանից սովորական այցելուների անունները, նրանք, անշուշտ, գիտեն, որ Հայաստանի Հանրապետության նախագահը, վարչապետը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ հաճախակի այցելում են Արցախ և նրանց այցերը հրապարակային են։ Հնարավո՞ր է արդյոք, որ Ադրբեջանը Արցախ այցելող Հայաստանի քաղաքացիներին չի համարում օտարերկրացիներ։ Ադրբեջանի ԱԳՆ-ի կայքէջը խոստովանում է, որ «Լեռնային Ղարաբաղը ժամանակավորապես դուրս է մնացել Ադրբեջանի Հանրապետության վերահսկողությունից»։ Հնարավո՞ր է, որ Ադրբեջանն այժմ Արցախը համարում է մշտապես «Ադրբեջանի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած»։
3) Սև ցուցակում ընդգրկվածներից շատ քչերն են դժգոհել, որ իրենք չեն կարող այցելել Ադրբեջան։ Ընդհակառակը, նրանցից շատերը հպարտանում են, որ իրենց անունները հայտնվել են Ադրբեջանի սև ցուցակում։ Նույնիսկ ավելի ապշեցուցիչ է, երբ որոշ մարդիկ, Արցախ այցելելուց հետո իրենց անունները չգտնելով սև ցուցակում, խնդրել են, որ դրանք ավելացվեն սև ցուցակում, քանի որ նրանք մեծ պատիվ են համարում այդ ցուցակում լինելը:
Վերջին ամիսներին Ադրբեջանը, իրավիճակն ավելի սրելով, պահանջել է այլ երկրներից՝ իրենց քաղաքացիներին Արցախ այցելելու համար արտահանձնել Բաքվին։ Մի դեպքում, Բելառուսի մի լրագրողի անամոթաբար կալանավորեցին և ուղարկեցին Ադրբեջան, որտեղ նրան մի քանի ամիս բանտարկեցին։ Նա վերջապես ազատ արձակվեց՝ Ադրբեջանի վրա միջազգային ճնշումներից և Եվրախորհրդի կողմից դատապարտումից հետո։
Սա իշխանության չարաշահում է, ադրբեջանական ճնշումների արտահանում և ահաբեկում երրորդ երկրների նկատմամբ, որոնք պետք է ամաչեն ադրբեջանական բռնապետական վարչակարգի հետ համագործակցելու համար:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի